ՄԻՊ աշխատակազմին «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ: Այս տարվա սպասվող ծախսերի հանրագումարը կազմում է 542 մլն 400 հազար դրամ, իսկ 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 531 մլն 272 հազար դրամ: Կիրականացվի մեկ ծրագիր՝ հինգ միջոցառմամբ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը:
ՄԻՊ-ի հավաստմամբ եկող տարի Լոռու մարզում կբացվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կթվայնացվի թեժ գիծը: Երեւանում գործող կենտրոնական գրասենյակը 2023 թ. կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի ապահովվի նրանց ազատ ելումուտը: Նախատեսվել է կապիտալ վերանորոգման ծախս՝ 24 մլն 150 հազար դրամի չափով:
Քրիստիննե Գրիգորյանը նաեւ նշել է, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններով կստեղծվի մասնագիտացված ստորաբաժանում:
Մանկահասակ երեխաների մուրացկանության վերաբերյալ հարցի առնչությամբ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է, որ իրավասու մարմիններն ու ՄԻՊ-ը զբաղվում են այդ խնդրով, եւ ամեն ինչ արվում է դրա լուծման ուղղությամբ:
Պատգամավորների հարցերն առնչվել են ՔԿՀ-ներում խոշտանգումներին, ընտանեկան բռնություններին, հավաքների ազատությանը, ատելության ու բռնության կոչերի տարածմանը:
«Ընթացիկ տարին հավաքաշատ էր»,-ասել է Քրիստիննե Գրիգորյանը: Ընդգծելով ատելության խոսքի վտանգավորության աստիճանը՝ ՄԻՊ-ը շեշտադրել է օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաեւ մեդիագրագիտության բարձրացման անհրաժեշտությունը: