ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար եւ անվտանգությանն ուղղված աղետ: «Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, երաշխիքներ չեն տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ: Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են եւ կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, եւ երկարաժամկետ կտրվածքով որեւէ լուծում տեսանելի չէ»,- ասել է նա:
Պատգամավորի գնահատմամբ՝ գազի բացակայությունը բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու: