National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.03.2022
Նախատեսվում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում
1 / 7

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնությունը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Օրենքը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով եւ չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում:

Թագուհի Թովմասյանին հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողները մի շարք պատճառներով չեն կարողանում պայմանագիր կնքել այն սեփականատերերի հետ, որոնց տունը վարձակալում են: Փոխարենը զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու նպատակով համապատասխան հանձնաժողով են ներկայացնում այն սեփականատիրոջ հետ կնքված պայմանագիրը, որի տանը չեն ապրում:

Պատգամավորի գրությանն ի պատասխան` Դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության հոդվածով: «Ստացվում է, որ զինծառայողը վարձով ապրելու համար դատվում է խարդախության հոդվածով»,- մտահոգություն է հայտնել Թագուհի Թովմասյանը:

Իրավիճակը կանխելու նպատակով հեղինակն առաջարկում է զինծառայողից այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Հեղինակը կարծում է, որ պետությունը պետք է ընդգծված վերաբերմունք ցուցաբերի զինծառայողների նկատմամբ` հաշվի առնելով նրանց տրվող աշխատավարձի չափը:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: «Մեր երկրի պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը մեզ համար չափազանց կարեւոր են, եւ դրանց բազմակողմանի ուսումնասիրությունն անհրաժեշտ ենք համարում»,- ընդգծել է պատգամավորը:

Կառավարության տեսակետը բարձրաձայնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների`  բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թագուհի Թովմասյանը: Նա անդրադարձել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Պատգամավորը փաստել է, որ նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներն որեւէ առաջարկ չեն ներկայացրել:

Սեյրան Օհանյանը, ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը, նշել է, որ հեռանկարային լուծումը` զինծառայողներին հավելավճարների տրամադրումն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը բարձրաձայնել է Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կարեւորում է զինվորականներին վերաբերող ցանկացած նախագիծ, սակայն ներկայացված նախաձեռնությամբ չի լուծվում ոլորտում առկա խնդիրը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am