ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:
Առաջարկվում է 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «20» թվով:
Մյուս փոփոխությամբ օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով :
Ըստ նախագծի հիմնավորման՝ այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ բուհերը էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում (օրինակ՝ ԵՊՀ-ի պարագայում ուսանողների շուրջ 26 տոկոսը) հետեւաբար գերազանցող 10-ը տոկոսի մասով առաջանում են շահութահարկի եւ եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը պետք է որոշում կայացնեն 10 տոկոսը գերազանցող շահառուներին արդյո՞ք տրամադրել ուսման վարձի սահմանված չափով փոխհատուցում եւ կուտակել հարկային պարտավորություններ, թե՞ փոխհատուցումները իրականացնել մասնակի կամ առհասարակ չիրականացնել այդ 10 տոկոսը գերազանցածների մասով: Հաշվի առնելով բարձրացված խնդիրները՝ նախագծով առաջարկվում է առաջիկա երկու տարվա համար՝ մինչեւ 2024թ. հուլիսի 31-ը, Հարկային օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը դարձնել մինչեւ 20 տոկոս: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Նկատի է առնված այն հանգամանքը, որ 2024 թվականին այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:
Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: