National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.02.2022
Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով հանդիպել է ավստրալացի գործընկերների հետ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հեռավար ձեւաչափով փետրվարի 21-ին հանդիպել է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ Թրենթ Զիմմերմանի եւ Ջոել Ֆիթսգիբբոնի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը եւ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:

 Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար:

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Նոր Հարավային Ուելս խոշոր նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:  «Ես հույս ունեմ, որ կգա արդարության օրը, եւ Ավստրալիան ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Դա անհրաժեշտ է նաեւ նոր ցեղասպանությունների կանխման համար»,- մասնավորապես ասել է ԱԺ փոխնախագահը` այդ համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու սկսված գործընթացին: Իշխան Սաղաթելյանն ընդգծել է, որ  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ այդ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ջոել Ֆիթսգիբբոնը նույնպես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաեւ այդ նպատակով միջազգային հանրության ջանքերի համատեղումը` հետագայում նման գործողությունների իրականացումը կանխելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրալական կապերի հետագա զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am