National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.02.2022
Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել միջազգային իրավունքի պահանջները եւ դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին. Արուսյակ Ջուլհակյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն առցանց ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Հարգարժան նախագահող,

հարգելի պատգամավորներ,

մենք սովոր ենք լսել գեղեցիկ ելույթներ մարդու իրավունքների, արժանապատվության, որպես բարձրագույն արժեք՝ մարդկային կյանքի մասին: Բայց 21-րդ դարի 22-րդ տարում մենք դեռ ստիպված ենք քննարկել մարդկանց բռնի անհետացման հարցը:

Ադրբեջանցի գործընկերոջս ելույթի վերաբերյալ պետք է նշեմ, որ նա շատ հարմարավետորեն մոռանում է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ու Մարաղայի ջարդերը: Ինչեւէ:

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ:

Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ մարդու իրավունքների՝ Ժնեւի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ:

Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի եւ գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ եւ գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ:

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները եւ դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:

Հայ զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային  մարդասիրական իրավունքի եւ, առհասարակ, մարդու իրավունքների  կոպիտ խախտում է:

Ցանկանում եմ ընդգծել եւս մեկ անգամ, որ անկախ գերեվարվելու ժամկետից՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք  իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են եւ պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին:

Այնուամենայնիվ, ինչպես իմ գործընկեր տիկին Ղազարյանն արդեն նշեց իր ելույթում եւ ինչպես նշված է ԵԽԽՎ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ անցած տարվա աշնանն ընդունված բանաձեւում, մի քանի տասնյակ անձինք գերության մեջ են Ադրբեջանում՝ առանց ադրբեջանական կողմից հաստատման, եւ բռնի անհետացումների մասին խոսելիս մենք պարզապես չենք կարող շրջանցել այս ակնհայտ իրողությունը:

Բռնի անհետացումների այս դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ  Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ:  Սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները: Այս առումով իմ համոզմունքն է, որ Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:

Շնորհակալություն»: