ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը եւ խմբի անդամները դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա հարաբերությունների առավել խորացումը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը:
«Հաջորդ տարի նշելու ենք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերությունները կառուցվել են փոխվստահության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,-ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցում ուրույն դեր ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:
Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ նշելով, որ հայերն ակտիվ դերակատարություն ունեն այդ երկրի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում:
Բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, ինչը չի կարելի ասել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության մասով: Ըստ Գեւորգ Պապոյանի՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով ոչնչացվում եւ ձեւափոխվում են դրանք՝ նպատակ ունենալով վերացնել հայկական բազմադարյա պատմության հետքն Արցախից:
Գեւորգ Պապոյանն անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողություններն այժմ էլ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Չնայած ստեղծված իրադրությանը՝ Հայաստանը շարունակում է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը. նշել է պատգամավորը: Այս գործընթացում նա ընդգծել է Իրանի դերակատարությունը:
Սեյեդ Մեհդի Ֆարշադանը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում առանձնակի կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը:
«Մեզ համար ընդունելի չէ աշխարհաքաղաքական եւ տարածքային ամբողջականության ցանկացած փոփոխություն: Աջակցում ենք այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ. նոյեմբերին»,-փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ համատեղ արտադրության զարգացմանը, ինչպես նաեւ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման կարեւորությանը: