ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են համավարակի եւ 44-օրյա պատերազմի բացասական տնտեսական հետեւանքները: Արձանագրվել է պետական բյուջեի ծախսերի աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած լրացուցիչ ծախսերի իրականացմամբ: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 866.4 մլրդ դրամ: Պետական բյուջեի պակասուրդը 75.5 մլրդ է: Կապիտալ ծախսերի ճշտված ծրագրի կատարողականը կազմել է 64.3%: Կորոնավիրուսով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքների մեղմման ուղղությամբ իրականացվել են շուրջ 19.8 մլրդ դրամի չափով ծրագրեր: 44-օրյա պատերազմի հետեւանքների հակազդման ուղղությամբ իրականացված ծախսերը կազմել են շուրջ 41.1 մլրդ դրամ, որից սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը շուրջ 39 մլրդ դրամ է:
ՀՀ պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 229.2 մլրդ դրամով:
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի փետրվարին, հաշվի առնելով միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները եւ գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.5%:
ՀՀ ԿԲ-ն ամեն ինչ անում է, որպեսզի գնաճը նվազի՝ հասնելով նախատեսված 4 տոկոսի:
ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 790.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10.3%-ով, իսկ հարկերը եւ տուրքերը կազմել են 750.2 մլրդ դրամ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Դավիթ Չիբուխչյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՊ-ն հաշվեքննություն է իրականացրել 16 պետական մարմնում: Արձանագրվել է 101 անհամապատասխանություն:
Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին պետբյուջեի եկամուտներին ու ծախսերին, ՀՀ պետական պարտքի սպասարկմանն ու առաջիկա անելիքներին:
ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի վերաբերյալ տեղեկանքն ընդունվեց ի գիտություն:
Հանձնաժողովականներն ու ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: