Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում՝ ԵԱՏՄ-ում մեր երկրի նախագահության տարում:
Հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտներն են՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապերը, միության անդամ մյուս պետությունների օրենսդրությանը ներդաշնակեցումը:
Հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության ենթահանձնաժողովը, ինչպես նաեւ Գիտափորձագիտական խորհուրդը:
Գործունեության երկուսուկես տարիների ընթացքում հանձնաժողովը գումարել է 27 նիստ: Քննարկվել եւ Ազգային ժողովի խորհրդին եզրակացություններ են ներկայացվել 24 նախագծերի վերաբերյալ:
Հանձնաժողովը հրավիրել է 3 արտագնա նիստ:
Հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային քննարկումներ պետական կառավարման ոլորտի պատասխանատուների, շահագրգիռ գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ինտեգրման ներկա վիճակին եւ արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններին, մրցակցային միջավայրի ներդաշնակեցման, միասնական ֆինանսական, էներգետիկ շուկայի ձեւավորման հիմնախնդիրներին:
Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ տարածաշրջանային զարգացման արդի հիմնախնդիրները, տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրա հետագա գործարկման հնարավորությունների մասին հարցերը մշտապես եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Հանձնաժողովը իրականացրել է «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ:
2020թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախաձեռնությամբ նախատեսված տեխնիկական աջակցության շրջանակում կատարվել են փորձագիտական վերլուծություններ:
Հանձնաժողովը համագործակցության հուշագրեր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» կազմակերպության, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: