Հունիսի 7-9-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչի առաջին առաքելությունը: Թեման Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի՝ խորհրդարանական բոլոր առանցքային գործառույթները կատարելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն էր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված օրենքների եւ քաղաքականության համատեքստում:
ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի երկրորդ առաքելությունը ղեկավարում էին ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուն եւ հայկական կողմի ղեկավար Մարի Մանուկյանը: Քննարկման առանցքում էին խորհրդարանների՝ Եվրոպական միության հետ աշխատող վարչությունների, հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման կարգը, խորհրդարանների մարմիններին անհրաժեշտ հետազոտական աշխատանքների ապահովումը եւ այլ հարցեր:
Առցանց առաքելությանը մասնակցում էին Հայաստանի, Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների բազմաթիվ աշխատակիցներ: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: