ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է կանխել առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները հանրապետության սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները: Գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Կապահովվի գրավի առարկայի վերադարձելիությունը, կնվազեն ավտովարկերի տոկոսադրույքները: Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը որոշ խնդիրներ է տեսնում առաջարկվող լրացման մեջ: Նրա խոսքով` նախագծի ընդունմամբ կշահեն միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները: Կտուժի վարկով ավտոմեքենա գնած անձը, որը չի կարողանա գրավադրված մեքենայով հատել հանրապետության սահմանը: Նա առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, ինչը հեղինակները չընդունեցին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն էլ նշեց, որ Կառավարությունն ընդհանուր առմամբ կողմ է նախագծին` պայմանով, որ կատարվեն որոշ փոփոխություններ, ինչը հեղինակներն ընդունեցին:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հիմնական զեկուցող Անի Սամսոնյանի առաջարկով հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով: