Ազգային ժողովը մայիսի 6-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Նորատուս եւ Վարդենիկ համայնքների դպրոցականներին ու ուսուցիչներին: Նրանք խորհրդարանում էին հյուրընկալվել ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ:
Ուսանողների հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Հայկ Գեւորգյանը:
Լիլիթ Մակունցը հյուրերին առաջարկեց լինել ավելի անկաշկանդ եւ հնչեցնել բոլոր մտահոգող խնդիրները: Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ առաջարկներն ապագայում հաշվի կառնվեն եւ կստանան լուծումներ:
Արտակ Մանուկյանը երիտասարդներին ներկայացրեց ագրարային ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մատնանշելով դրանց դրական եւ բացասական կողմերը:
Հայկ Գեւորգյանի խոսքով՝ եթե գյուղատնտեսության ոլորտը ստանա ճիշտ աջակցություն, ապա այն շատ արագ կզարգանա:
Ուսանողների՝ կրթության բնագավառին առնչվող հարցերին պատասխանեց Արման Եղոյանը:
Դպրոցականների հետ հանդիպեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Գեւորգյանը եւ Նարեկ Գրիգորյանը:
Պատգամավորները հյուրերին ներկայացրին մտքերի ու գաղափարների այն ճանապարհը, որը հասունանալանով դառնում է օրենք:
Հուզող հարցերը բազմազան էին՝ կրթության ոլորտից մինչեւ համայնքների ճանապարհների բարելավումը:
Պատգամավորները ողջունեցին աշակերտների՝ կրթություն ստանալուց հետո համայնքներ վերադառնալու եւ այն շենացնելու ցանկությունը:
Ճանաչողական այցի շրջանակներոմ հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին պատգամավորների աշխատանքներին, եղան ԱԺ թանգարանում եւ գրադարանում:
Աշակերտներին ամենից շատ ոգեւորել էր նիստերի դահլիճում գտնվելու եւ նկարվելու հնարավորությունը:
Հյուրերը խորհրդարանից հեռացան բարձր տրամադրությամբ: