Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացան 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները:
Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահն ու պատվիրակության անդամները գրառում կատարեցին «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Կարոլինա Ֆերնանդեսը նշեց, որ ինքը՝ որպես Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ, ժամանել է հիշատակի օրն այստեղ գտնվելու համար. «Ես կարծում եմ, որ եթե մենք հիշում ենք եւ կարողանում ենք հիշատակել, դա կօգնի, որ չկրկնվեն նման դեպքերը: Թանգարանում տեսած լուսանկարները, գրավոր հիշատակությունները փաստեր են, որոնք հնարավոր չէ ժխտել: Եվ հենց դա է այն եղանակը, որի միջոցով կարող ենք ջանքեր գործադրել, որ մարդկության դեմ նման ոճրագործություններ չկրկնվեն: Պետք է հարգել այն մարդկանց հիշատակը, որոնք կորցրել են իրենց կյանքը, ինչպես նաեւ լինել այն մարդկանց կողքին, որոնք փորձեցին պաշտպանել եւ անել ամենը, որ նման դեպքեր ապագայում տեղի չունենան»:
Այնուհետեւ պատվիրակությունն այցելեց Երեւանի քաղաքապետարան` մասնակցելով «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը:
«Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարներ, Արցախում ստեղծված ձեռագրեր եւ գորգեր, ինչպես նաեւ Շուշիում տպագրված առաջին գրքերը:
Ցուցահանդեսում ընդգրկել են լուսանկարներ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: