Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը: Հարցը խորհրդարանը քննարկեց փետրվարի 9-ին նիստում:
ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ստեփան Միքայելյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:
Լիլիթ Թադեւոսյանը խոսեց դատական իշխանության անկախության, ինքնուրույնության, իրավունքի գերակայության, դատական համակարգի գործունեության, դատավորի անկախության ապահովման մասին: Թեկնածուն կարեւորեց արդարադատության թափանցիկության ապահովումը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նա նշեց, որ իր գործունեության ընթացքում ներգրավված չի եղել եւ հետագայում էլ չի պատրաստվում լինել քաղաքական գործընթացներում: Քաղաքական գործոնը երբեւէ ազդեցություն չի ունեցել իր կայացրած դատական որոշումների ընդունման վրա: Թեկնածուն կարեւորեց դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացումը, անհրաժեշտ համարեց այդ աշխատանքներում դատական ոլորտի մասնագետների ներգրավումը: Նա ընդգծեց դատաիրավական ոլորտի համակարգային բարեփոխման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը: Որոշ պատգամավորներ կարծիք հայտնեցին, թե թեկնածուն խուսափողական պատասխաններ է տալիս, ինչի կապակցությամբ Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ մասնագիտության տեսանկյունից կաշկանդված է կարծիքներ հնչեցնել կոնկրետ գործերի վերաբերյալ, քանի որ կամ չի տիրապետում դրանց, կամ կարող է հետագայում կաշկանդվել այդ գործերը քննելիս:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Նա դրական գնահատեց զեկույցը, ապա անդրադարձավ պատգամավորների դիտարկումներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հանրության ներդաշնակությունը, համերաշխությունը, երջանկությունը մեծապես կախված է արդարության զգացողությունից, իրավունքների իրացումից եւ դրանց պաշտպանվածության աստիճանից: Ըստ նրա՝ դատական համակարգը կշահի, եթե թեկնածուն ընտրվի:
Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից շարունակելու է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ արդարադատությունը: «Երկրի առջեւ ծառացած ցանկացած խնդիր պահանջում է համակարգային մոտեցում, իշխանության բոլոր թեւերի համագործակցված աշխատանք եւ դատական իշխանությունը արդարադատության դաշտից դուրս պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության»,-ասաց Թադեւոսյանը:
Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ: