Ազգային ժողովը փետրվարի 9-ին գումարեց հերթական նիստերը:
Օրակարգի նախագծի առնչությամբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ օրակարգում ընդգրկված 16 հարցերից առնվազն մեկը կարող էր վերաբերել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը ԱԺ խորհրդի նիստին չի մասնակցել եւ հերթական նիստի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկներ չի ներկայացրել: ԱԺ նախագահն ընդգծեց, որ օրակարգում են պետության բնականոն գործունեության շարունակության համար դրական ազդեցություն ունեցող հարցեր:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ առաջնահերթությունը տրվում է բացառապես հետպատերազմյա խնդիրները լուծելուն միտված հարցերին, բայց կան նաեւ այլ առաջնահերթություններ, որոնք չպետք է անտեսվեն, եւ որեւէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց խմբակցության ներկայացրած նախագծերին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է արտահայտվում եւ օրակարգում չեն ընդգրկում: Նա նաեւ նշեց, որ կառուցողական են եւ պատրաստակամ աշխատելու: