National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.09.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 31

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»    օրինագծի, որն առաջին ընթերցմամբ  քննարկման կներկայացվի լրամշակելուց հետո:

Պատգամավորները հաջորդիվ քննարկել են երեք նույնաբովանդակ՝  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության  եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ «Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին»  օրենքների նախագծերը, որոնք քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի եզրակացությունը  համաձայնագրերի վերաբերյալ դրական էր:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած  «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Համահեղինակ Աննա Կոստանյանի խոսքով՝  նախագծերի առկայությունը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Ըստ հեղինակների՝ անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, ՀՀ կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:  Ըստ զեկուցողի՝  «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծի ընդունումը, որով նաեւ հարկային արտոնություններ են տրվելու կինոյի ոլորտին, նպաստելու է կինոարտադրության զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը:

ՀՀ ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Մանուկյանը՝ նշելով կինոարվեստի  առանձնահատուկ դերակատարությունը մարդկանց կյանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է Կառավարության կարծիքը՝ տեղեկացնելով, որ Կառավարությունն ունի որոշ առարկություններ եւ առաջարկներ, որոնց  թվում է նաեւ կինոոլորտին հարկային արտոնությունների տրամադրման նպատակահարմարությունը:  Ըստ նրա՝  անհասկանալի է, թե ինչու պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի կինոյի ոլորտին:

Սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, Ազգային ժողովի նիստում երդվել է:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է «Կինեմատոգրաֆիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Պատգամավորները շնորհակալություն են հայտնել նախագծի հեղինակներին օրենսդրական նախաձեռնության համար՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ոլորտի զարգացմանը: Ելույթներում անդրադարձ է կատարվել կինոարտադրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, հարկային արտոնություններ սահմանելուն, ֆիլմերի վարձույթի կարգավորմանը, ներդրումների բարենպաստ միջավայրի ձեւավորմանը վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ օրենքի համահեղինակներին եւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, մեկամյա համագործակցության համար: Ընդգծելով, որ մշակութային քաղաքականության մեջ կինոն առաջնահերթ տեղ է գրավում՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն կրթական կարեւորագույն բաղադրիչ ունի՝ կինոն կարող է կրթել հասարակություններ, կերտել հզոր քաղաքացու կերպար:

Ընդունելով ելույթներում հնչած հակափաստարկները՝ բանախոսն, այնուամենայնիվ կարեւորել է, որ առաջարկվեն այլընտրանքային մեխանիզմներ: Նրա կարծիքով՝ նախագիծը սոսկ սահմանումների եւ ձեւակերպումների փաստաթուղթ չպետք է լինի, այն պետք է ունենա հստակ ուղերձներ կինոարտադրողներին եւ ներդրողներին: Ֆինանսական մասով ծագող խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի նախագահն առաջարկել է շարունակել քննարկումները եւ գտնել այլընտրանքային լուծումներ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը:

Եզրափակիչ ելույթում ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ գործադիրը նախագծի մշակութային բաղադրիչի վերաբերյալ բովանդակային առումով որեւէ տարաձայնություն չունի, պարզապես առաջարկվում է առավել հստակեցնել փոփոխությունները, որպեսզի հետագայում լրամշակման խնդիրներ հնարավորինս քիչ լինեն:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Աննա Կոստանյանը շնորհակալություն է հայտնել դիտարկումների համար, նշելով, որ աշխատանքները պետք է շարունակել, այդ թվում՝ քննարկելով նաեւ Կառավարության որոշումը, հատկապես՝ ֆինանսական տեսանկյունից: Նա նշել է, որ նախագիծը կարեւոր է պետության կողմից կինոոլորտը զարգացնելու, աշխարհում կինոհանրության քարտեզի վրա հանրահռչակելու տեսանկյունից: Աննա Կոստանյանն ընդգծել է, որ օրինագծով մշակվել է պետական միջոցները նպատակային եւ ավելի արդյունավետ ծախսելու ռազմավարություն:

«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների հետ կինոարտադրության ոլորտում համագործակցությունը սերտացնելու եւ կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2018 թ. հունվարի 24-ին: 2019 թ. նոյեմբերի 13-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 30 պետություն:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական կինոարտադրողների համար իրավական առավել լայն եւ արդիական շրջանակի ապահովում` համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի ներկայացմամբ՝ կոնվենցիան, որը համալիր կերպով արտահայտում է կինեմատոգրաֆիական աշխարհում վերջին տասնամյակում տեղի ունեցած զարգացումները եւ դրանցից բխող իրավական կարգավորումների առանձնահատկությունները, կարեւոր նշանակություն ունի արդյունավետ համագործակցության առումով: Հանձնաժողովի կողմից նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: ՄԱԶԾ գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ, եւ «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանային կառավարմանը» ծրագրի աջակցությամբ իրականացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի hարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման եւ վերակառուցման նախագծման աշխատանքները: Մանրամասն ներկայացնելով նախատեսված եւ կատարված աշխատանքները՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ արդիականացումը նպաստելու է նաեւ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը եւ այդ միջանցքով տարանցիկ փոխադրումների ավելացմանը տարածաշրջանում:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կոչ է արել կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ այն հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:

« ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով՝ ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ներկայացմամբ: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը բխում է Կառավարությանը` ցամաքուրդային (դրենաժային) համակարգի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորության իրավական հիմքն ապահովելու  անհրաժեշտությունից: Մանրամասն ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ բանախոսը նշել է, որ առաջարկվող կարգավորման կիրարկումը կապահովի ցամաքուրդային համակարգից օգտվող սուբյեկտների արդարացի մասնակցությունը շահագործման ու պահպանման աշխատանքներին՝ նվազեցնելով պետության բեռը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հրանտ Այվազյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու անհրաժեշտությամբ:

Հեղինակներն առաջարկում են 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, որն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է նաեւ սահմանամերձ համայնքների դպրոցներում սովորող աշակերտների անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն:

Նախաձեռնությամբ նախատեսվում են նաեւ այլ արտոնություններ:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը կարեւորել է նախաձեռնությունը, բարձրաձայնել հանձնաժողովի դրական եզրակացություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ընդունվել են գործադիրի   ներկայացրած բոլոր առաջարկները:

Կառավարության հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի՝ նախաձեռնության ընդունումը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից, ինչպես նաեւ կրթության բնագավառում պետական քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակներից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ:

Նախաձեռնության ընդունման արդունքում ալկոհոլային խմիչքի ներմուծմամբ կամ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց մասնագիտացված խանութներում իրականացնել վաճառք՝ առանց տուգանվելու:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացություն:

Քննարկվել է նաեւ 2020թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ փաստաթղթով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը:

Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ, ընդունվել են օրվա ընթացքում քննարկված նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am