ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ հարցը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն:
Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ստացել է մեկ թեկնածուի առաջադրում: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրությունը, ընդգծել է, որ թեկնածուի անցած ուղին, հրապարակումները՝ բարձր մասնագիտական պատրաստվածության խոսուն գնահատականներ են:
Թեկնածուն շնորհակալություն է հայտնել երեք խմբակցությունների հետ կայացած հանդիպման եւ հետաքրքիր քննարկման համար:
Ելույթում Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամավարկային քաղաքականությանը՝ այն համարելով տնտեսության պետական կառավարման հիմնական մեխանիզմներից մեկը: Նա խոսել է նաեւ ֆինանսական կայունության ապահովման խնդիրների մասին: Բանկային համակարգում ՏՏ ոլորտի, կիբերանվտանգության խնդիրների վերաբերյալ թեկնածուն ընդգծել է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու հարցը:
Բանախոսը կարեւորել է ԿԲ եւ Ազգային ժողով համագործակցությունը:
Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են գնաճի նպատակային իջեցմանն ու թիրախավորմանը, թիրախների վերանայմանը, ֆինանսագրագիտությանը, հաշվետվողականությանը, արժեթղթերի շուկայի վերահսկողությանը, նոր վարկային քաղաքականությանը:
Արտակ Մանուկյանը, կարեւորելով թեկնածուի մասնագիտական պարկեշտությունը, հանրային շահի կարեւորության գիտակցումը, առաջարկել է կողմ քվեարկել եւ հնարավորություն ընձեռել լիագումար նիստին ստանալու առավել մասնագիտական պարզաբանումներ:
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարտին Գալստյանին, որպես ԿԲ նախագահի թեկնածուի, իր տեսլականը ներկայացնելու համար: Ճգնաժամային պայմաններում տնտեսության կառավարման համար կարեւորելով մասնավոր համակարգում աշխատանքային փորձը՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ տեսական եւ դասագրքային գիտելիքները բավարար չեն ԿԲ-ն կառավարելու համար:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում առաջարկել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: