ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մարտի 30-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:
Փորձ է արվում կարգավորել բաժնետերերի ժողովները հեռակա կազմակերպելու հարցերը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են մի շարք բովանդակային եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ, վերաշարադրվել եւ հստակեցվել են «հեռակա» ու «օնլայն» քվեարկությունների վերաբերյալ դրույթները:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին: