ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ նոյեմբերի 25-ին հրավիրած նիստում քննարկել է բնագավառի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։
Քննիչ հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ ուսումնասիրություններ կիրականացվեն Թեղուտի, Սոդքի, Ամուլսարի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենի եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի կազմում գործող Մղարթի մետաղական հանքավայրերում։
Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045թվականներին։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթով չի աշխատում։
Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարեւորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Առաջարկ է եղել ուսումնասիրել նաեւ կազմակերպությունների սեփականաշնորհման գործարքներն ու կնքված պայմանագրերը։
Քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում։