ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 9-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Վահե Էնֆիաջյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրերս Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Զոդի կամրջին եւ Թբիլիսիի Սենակ Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նստաշրջանի օրակարգից հանվել է «Սնանկության մասին» եւ կից ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթը:
Խորհրդարանի որոշմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ,Քաղաքացիական կացության ակտերի մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ առողջ մրցակցություն կձեւավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջեւ, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա:
Սահմանվում է, որ քաղաքացիները համապատասխան գործառույթների իրականացման նպատակով իրավունք կունենան դիմելու ՔԿԱԳ մարմիններ, ինչը չի սահմանափակվի որեւէ վարչական տարածքով, ՔԿԱԳ մարմիններում կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, մրցակցային դաշտի ներդրման արդյունքում կբարելավվի սպասարկման որակը, ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ? փոփոխությունների չի ենթարկվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված օրինագծերի փաթեթը:
Այս նախագծերի վերաբերյալ եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է խստացնել ապօրինի անտառահատումների եւ որսագողությունների համար սահմանված պատժամիջոցները:
Էապես կխստացվեն անտառային տարածքներում արգելված ծառերը, թփերը, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները կտրելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելու համար սահմանված պատիժները:
Ակնկալվում է, որ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կխոչընդոտի կովկասյան ընձառյուծի որսին կամ ոչնչացմանը:
ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի կամ ոչնչացման դեպքում, յուրաքանչյուր առանձնյակի համար՝ անկախ կենդանու տարիքից, ինչպես նաեւ կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար գործող 3 միլիոն դրամ տուգանքը Կառավարությունն առաջարկում է դարձնել 100 միլիոն:
Նախարարին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին Սեւանա լճի վիճակին եւ դրա մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը, ապօրինի անտառահատումների կանխարգելիչ միջոցառումներին, բնապահպանությանը, Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ փորձաքննության արդյունքներին եւ այլն:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահե Ղալումյանը:
Ելույթներ են ունեցել պատգամավորները:
Արման Եղոյանն անդրադարձել է Սեւանա լճի խնդիրներին, հետաքրքրվել հարակից շրջանների ջրամբարների կենսաբանական մաքրման աշխատանքներով:
Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացումը, ազգային անվտանգության հարց համարել Սեւանա լճի փրկությունը:
Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ Սեւանա լճից ջուր խմած կովերի՝ օրերս տեղի ունեցած անկումը պայմանավորված չէ լճի ջրի որակով: «Պարզապես կենդանիներն առվույտ ուտելուց հետո չափից շատ ջուր են խմել եւ պայթել»,-ասել է տարածաշրջանից վերադարձած պատգամավորը:
Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձել է լճի ջրի որակին, հետաքրքրվել բնապահպանական խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներով:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա կարեւորել է փաթեթի ընդունումը, հետաքրքրվել, թե արդյոք բարեփոխումներ նախատեսվում է իրականացնել անտառային տնտեսության ոլորտում, եւ արդյոք բարձրացվելու են այդտեղ աշխատող քաղաքացիների աշխատավարձերը: Պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր էլ շարունակվում են ապօրինի անտառահատումները:
Եզրափակիչ ելույթում նախարարն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
Փոփոխության նպատակը Կառավարության աշխատանքի արդյունավետության ավելացումն է:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տաթեւիկ Գասպարյանը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը առաջին ընթերցումով ներկայացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» եւ կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն եւ վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի եւ ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ գրասենյակի ստեղծումն առավել կնպաստի ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչության աշխատանքի պատշաճ ապահովմանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խոսել է նախագծում ներկայացուցչի փորձառության վերաբերյալ որեւէ դրույթ չամրագրելու մասին՝ նշելով, որ որոշակի փորձառությունն ու անցած ճանապարհը անչափ կարեւոր են: Նա բարձրացրել է նաեւ ներկայացուցչի՝ բացառապես ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքն օրենքում հստակ ամրագրելու հարցը:
Գեւորգ Պետրոսյանը եւս կարեւորել է ներկայացուցչի փորձառությունը եւ այս համատեքստում աշխատանքային փորձի պահանջների օրենսդրորեն ամրագրումը:
Տարոն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ կարելի էր ՀՀ արդարադատության նախարարության կազմում այս կառույցը եւ նրա հնարավորությունները զարգացնել, ոչ թե վարչապետին կից մարմին ձեւավորել:
Սուրեն Գրիգորյանը եւ Արտակ Ասատրյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք կքննարկվեն:
Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար օրենսդիրները քննարկել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ կից օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված բոլոր հարցերը:
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին: