ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի ղեկավար Վահագն Թեւոսյանը եւ «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սաթիկ Ստեփանյանը մայիսի 15-ին Համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կազմակերպությունը, որի կազմում կինոարտադրությամբ զբաղվող տարբեր ընկերությունների անդամներ են, գործունեություն է ծավալում շուրջ երկու տարի, զբաղվում է ոլորտի խնդիրներով, նաեւ՝ շնորհալի երիտասարդների առաջխաղացման համար տարբեր ծրագրերի իրականացմամբ:
Վահագն Թեւոսյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում կինոարտադրության զարգացումը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, կաղում է եւ հուշագրի ստորագրումն ու համագործակցության նման հարթակի ձեւավորումը կարող են բարերար ազդեցություն ունենալ բնագավառի վրա: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը բաց եւ պատրաստակամ է ոլորտային տարաբնույթ խնդիրների քննարկման համար:
Խոսելով հուշագրի նպատակների մասին՝ Սաթիկ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցությունը կարող է նպաստել ոլորտում առկա խնդիրների լուծմանն ու առողջ մթնոլորտի ձեւավորմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մշակման փուլում գտնվող «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի կապակցությամբ, ինչպես տեղեկացրել է Սաթիկ Ստեփանյանը, այժմ խորհրդատվություն են իրականացնում եվրոպացի մասնագետներ: