Ապրիլի 2-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամները հանդիպել են ԱՄՆ-ի Ազգային ռազմական քոլեջի ներկայացուցիչների հետ: Վերջիններս ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսումնասիրում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:
Հյուրերը ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ազատ եւ արդար ընտրությունները, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նրանք հետաքրքրվել են՝ ինչպիսի քայլեր եւ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ մեր երկրում բարեփոխումների, մասնավորապես` տնտեսական հեղափոխության իրականացման համար:
Հայ խորհրդարանականները նշել են, որ թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Պատգամավորները կարեւորել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, խոսել տնտեսության ոլորտում, արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում խորհրդարանի կարեւոր դերակատարությանը:
Նշվել է, որ բոլոր քաղաքական ուժերը աջակցում են հայտարարված տնտեսական հեղափոխությանը: Այս համատեքստում կարեւորվել է առաջիկայում հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:
Զրուցակիցները արժեւորել են ԱՄՆ աջակցությունն ուղղված մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: