Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրվածությունը լատինամերիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում` Արգենտինայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Նրա խոսքով` չնայած աշխարհագրական հեռավորությանը` առկա են լավ նախադրյալներ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխայցերի եւ միջազգային դիվանագիտության դերը:
ԱԺ նախագահը ողջունել է Արգենտինայի խորհրդարանի որոշումը` ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր հռչակելու վերաբերյալ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը` օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծման Հայաստանի վճռականությունը` միջազգայնորեն մանդատ ունեցող միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:
Գոնսալո Ուռիոլաբեիտիան նշել է, որ իր երկիրը եւս սատարում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականությունը: Նա մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունը, եղած բարեկամական կապերը նոր օրակարգով համալրելու անհրաժեշտությունը:
Կողմերն արժեւորել են միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, ի լրումն առկա քաղաքական ու մշակութային կապերի` նաեւ տնտեսական ոլորտում գործակցության նպատակահարմարությունը:
Երկուստեք ընդգծվել է արգենտինահայ համայնքի` ինչպես Արգենտինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերը: