ՀՀ ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1. ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Սահմանադրության, Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ աշխատանքային խմբերի, Հանձնաժողովի անդամների աշխատանքի միջոցով: 2. Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի արտահերթ նիստեր գումարելու իրավասություն ունի Հանձնաժողովի նախագահը կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը: 3. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝ 1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ: 4. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը: 5. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերին՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները: 6. Հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Հանձնաժողովի փակ նիստն անցկացվում է հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի փակ նիստում պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Նիստը նախագահողը նախազգուշացնում է այդ տեղեկատվության հրապարակման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության մասին: 7. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը: 8. Հանձնաժողովի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, եւ նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝ 1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին. 2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած: 9. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար: 10. Հանձնաժողովի նիստի տեւողությունը, ինչպես նաեւ ընդմիջումները սահմանվում են նիստը նախագահողի կամ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ հանձնաժողովի համաձայնությամբ: 11. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երկու աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ քան 1 ժամ առաջ: Հանձնաժողովի մասնագիտական սպասարկումն իրականացնող Կանոնակարգ 162-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան ձեւավորված մասնագիտական խումբը (այսուհետ՝ Հանձնաժողովի քարտուղարություն) Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով, էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով: 12. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոնատար անձինք Հանձնաժողովի նիստի մասնակցության, նիստի անցկացման ժամի եւ վայրի մասին տեղեկացվում են էլեկտրոնային կառավարման "Mulberry" համակարգի միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում՝ ծանուցման այլ եղանակներով, մասնավորապես՝ փոստով, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով: 13. Կանոնակարգի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք, ինչպես նաեւ Հանձնաժողովի կողմից հրավիրված մասնագետները, փորձագետները, թարգմանիչները նիստի մասնակցության, անցկացման ժամի եւ վայրի մասին ծանուցվում են իրենց կողմից նախընտրելի ծանուցման եղանակներով՝ մասնավորապես՝ փոստով, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով: 14. Սույն աշխատակարգի 11-13-րդ կետերով սահմանված անձինք Հանձնաժողովի նիստի մասնակցության մասին համարվում են ծանուցված Հանձնաժողովի քարտուղարության հեռախոսագրի հաղորդման ավարտի, էլեկտրոնային նամակը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման ստացման կամ փոստային առաքանին ստանալու, պատվիրված նամակի դեպքում՝ ստացման մասին հետադարձ ծանուցման թերթիկի վրա՝ ստացման մասին գրառման, իսկ էլեկտրոնային կառավարման "Mulberry" համակարգի միջոցով ծանուցվելու դեպքում՝ ծանման մասին գրությունը այդ անձին ուղարկման պահից: 15. Հանձնաժողովի նիստը սկսվելուց առաջ նիստը նախագահողը՝ Հանձնաժողովի քարտուղարության նախապես տրամադրած տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովի անդամներին իրազեկում է Հանձնաժողով հրավիրված անձանց` նիստին ներկայանալու կամ բացակայելու մասին, ինչպես նաեւ նիստից բացակայող անձանց` նիստի մասին պատշաճ կարգով ծանուցված լինելու եւ նրանց բացակայության պատճառների մասին՝ դրանց առկայության դեպքում: 16. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են սույն աշխատակարգի համապատասխան: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն, Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան, քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով: 17. Հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրման եւ հանձնաժողովում ներկայացնելու համար Հանձնաժողովի անդամների թվից հիմնական զեկուցող նշանակվում է Հանձնաժողովի որոշմամբ՝ Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ: 18. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝ 1) հիմնական զեկուցում. 2) հարցեր հիմնական զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները. 3) հրավիրված պաշտոնատար անձանց քննարկվող հարցի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաեւ դիրքորոշումներ. 4) հարցեր հրավիրված պաշտոնատար անձանց, նրա պատասխանները, հարց տվողի եւ պատասխանողի արձագանքները. 5) հրավիրված մասնագետների, փորձագետների, թարգմանիչների եւ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձանց ելույթները, 6) հարցեր սույն կետի 5-րդ ենթակետում նշված անձանց, նրանց պատասխանները, հարց տվողի եւ պատասխանողների արձագանքները. 7) մտքերի փոխանակություն. 19. Հարցերի քննարկման ընթացակարգը նիստը նախագահողի նախաձեռնությամբ կարող է փոխվել: 20. Հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել ելույթի ընթացքում: 21. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են նիստը նախագահողին: Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն, ազգանունը: 22. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկությունները բաց են: Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը: Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է: 23. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցման համար հատկացվում է մինչեւ տասական րոպե. 2) հրավիրված պաշտոնատար անձանց, մասնագետներին, փորձագետներին եւ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձանց պարզաբանումներ տալու, իրենց դիրքորոշումները հիմնավորելու կամ բացատրություններ տալու համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե. 3) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե. 4) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե: 24. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը եւ հանձնաժողովի նիստը նախագահողը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում: 25. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել նիստը նախագահողի առաջարկությամբ: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա սահմանված ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր: 26. Հանձնաժողովի նիստը նախագահողի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 23-րդ կետով սահմանված ժամկետները: 27. Հանձնաժողովի ստեղծման հիմք հանդիսացած հարցերի վերաբերյալ կազմվում է գործ, որը ներառում է` 1) զեկույցը. 2) զեկույցում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր (եզրակացություններ, տեղեկություններ, հարցումներ, հարցումների պատասխաններ եւ այլն). 3) զեկույցի նախագիծը. 4) hատուկ կարծիքը՝ դրա առկայության դեպքում. 5) հատուկ համակարգչային տեսաձայնագրման միջոցով եւ պարզ թղթային ձեւով արված արձանագրությունները՝ կից փաստաթղթերով. 6) Հանձնաժողովի նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները. 7) Հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը: 28. Գործը կազմում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, գործը հանձնվում է Ազգային ժողովի արխիվ: 29. Հանձնաժողովի նիստը արձանագրվում է հատուկ համակարգչային տեսաձայնագրման միջոցով եւ պարզ թղթային ձեւով: 30. Հանձնաժողովի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` 1) գործը քննող hանձնաժողովի անվանումը. 2) նիստի տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը. 3) Հանձնաժողովի կազմը. 4) օրակարգը (կցվում է). 5) տեղեկություններ նիստին հրավիրված անձանց վերաբերյալ՝ ներկայության կամ բացակայության մասին նշումով. 6) նիստի ընթացքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները: 31. Հանձնաժողովի նիստի պարզ թղթային արձանագրությունը կազմում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը: Պարզ թղթային արձանագրությունը համարվում է հատուկ համակարգչային տեսաձայնագրման միջոցով արված արձանագրության անբաժանելի մասը: 32. Հանձնաժողովի նիստի հատուկ համակարգչային տեսաձայնագրման պատշաճ իրականացնումն ապահովվում է Ազգային ժողովի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից: 33. Հանձնաժողովի հատուկ համակարգչային տեսաձայնագրումը պահպանվում է էլեկտրոնային կրիչի (էլեկտրոնային սկավառակ) վրա, որը Հանձնաժողովի նիստից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Հանձնաժողովի քարտուղարությանը եւ կցվում է գործին: Հանձնաժողովի փակ նիստը տեսաձայնագրվում է, սակայն տեսաձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: 34. Հանձնաժողովի անդամները կամ աշխատանքային խումբը Կանոնակարգի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո տրամադրում է հանձնաժողովի անդամներին: 35. Հանձնաժողովը իր գործունեության արդյունքով, Կանոնակարգի 25-26 հոդվածներին եւ Ազգային ժողովի աշխատակարգին համապատասխան Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց: Զեկույցի նախագիծը պատրաստում եւ հանձաժողովին է ներկայացնում հիմնական զեկուցողը: |