հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ Հանձնաժողովի անդամների աշխատանքի միջոցով: 2. ՀՀ Ազգային ժողովի Խորհրդի 2019 թվականի փետրվարի 5-ի «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշմամբ հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 10:00-ին: 3. ՀՀ ԱԺ Կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի որոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին: 4. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հեռախոսով կամ էլեկտրոնային հաղորդագրությամբ: 5. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝ 1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին. 2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ: 6. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը: 7. Հանձնաժողովի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝ 1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին. 2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած: 8. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը: 9. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները: 10. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթը (հավելված 1) կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը: 11. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար: 12. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները: 13. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին մասին եւ սույն աշխատակարգին համապատասխան: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն, Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան, քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով: 14. Հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը, իսկ հարակից զեկուցմամբ՝ Հանձնաժողովի ներկայացուցիչը, ինչպես նաեւ մինչեւ հարցի քննարկումը սկսվելը նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած ոչ գլխադասային մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչ: 15. Հանձնաժողովի ներկայացուցչին Հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հանձնաժողովի նախագահը: 16. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցողին, պատգամավորներից բացի, մեկ անգամ հարցեր տալու իրավունք ունի նաեւ Կառավարության ներկայացուցիչը. 2) Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած անձանց ելույթից հետո մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն միայն Հանձնաժողովի անդամները եւ հիմնական զեկուցողը. 3) ելույթի ընթացքում նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկ ներկայացրած անձը գրավոր ձեւակերպում է իր առաջարկը եւ մինչեւ առաջարկների քվեարկությունը հանձնում է նիստը նախագահողին: Այդ դեպքում բանավոր առաջարկը սահմանված կարգով դրվում է քվեարկության: 17. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով. 1) պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ Կառավարության ներկայացուցչի, հանձնաժողովի անդամների, այլ պատգամավորների, ինչպես նաեւ հրավիրված անձանց ելույթներ. 2) սույն աշխատակարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ հարցեր ելույթ ունեցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ ելույթ ունեցողի արձագանքները. 3) եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից եւ հիմնական զեկուցողները: 18. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են նիստը նախագահողին: Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն, ազգանունը: 19. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե. 2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե. 3) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե: 20. Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը եւ հանձնաժողովի նիստը նախագահողը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում: 21. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա սահմանված ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր: 22. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը: Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է: 23. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում լրամշակված օրենքի նախագիծը կարող է ներկայացվել Ազգային ժողով, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված կարգով ընդգրկվել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգի նախագծում՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ: 24. Հանձնաժողովի նիստն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրության քաղվածքը ստորագրում է նիստը նախագահողը: 25. Հանձնաժողովի նիստը նախագահողի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 19-րդ կետով սահմանված ժամկետները: ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|