National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում
1 / 2

«Մեծարգո պարոն գերագույն հրամանատար,

ՀՀ խորհրդարան,

սիրելի հայ ժողովուրդ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում եւ Սփյուռքում, մեր կողքին ապրող եւ մաքառող ազգային փոքրամասնությունների մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ,

մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ եւ դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել: Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումներին զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում եւ տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց արցախահայության: Սա աներկբա է: Հակառակ դեպքում չէր լինի հայատյացության այն տոտալ քարոզը, որ տարիներ շարունակ ծավալվել է Ադրբեջանում՝ մանկապարտեզի բանաստեղծություններից, դպրոցական դասագրքերով մինչեւ բուհ, բակ, հեռուստատեսություն, մեդիա, որտեղ հայությունն է հայտարարվում թշնամի: Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երեւանը, չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում:

Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է, մեր  ֆիզիկական ոչնչացումը, չգոյությունը. սա պետք է արձանագրել, որովհետեւ սրանից պետք է բխեն մեր գործողությունները: Ուրեմն, տրված է հայ ժողովրդի գոյության հարցը, եւ մենք չունենք ընտրություն՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, որեւէ տարբերակ չկա, այլընտրանք չկա, մենք պետք է կռվենք հրով, սրով, հնարավոր կամ անհնար ձեւերով: Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որպեսզի հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյության իրավունքը եւ գոյությունը, այնպես ինչպես արել է հազարամյակներ շարունակ: Այս իրավիճակը մեզ համար նոր չէ, կրկնում եմ՝ հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք սարդարապատեր: Եւ, այո՛, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս, դաշտ  է տեղը եւ չկա քար-քարի վրա, Ասորիքն է եղել մեր թշնամին, տե՛ս... Կարող եք վերաձեւակերպել եւ անվերջ շարունակել շարքը:

Ես ուզում եմ մեկ անգամ էլ, եւ բոլորս միասին հավաստենք՝ երբ երկիր մոլորակի վրա ազգերը բաժանվեցին, հայ ազգը առաջին ազգերից մեկն էր՝ որպես առանձին էթնիկ միավոր եւ եթե երբեւէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին եւ անկախ էթնիկ միավոր, լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը: Մենք եղել ենք եւ շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք, որովհետեւ, կրկնում եմ, այլ տարբերակ չկա: Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը եւ երկարատեւ խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն:

Ես ուզում եմ մեկ անգամ եւս այս ամբիոնից հավաստել՝ Արցախի ազատությունը եւ առավել եւս ֆիզիկական անվտանգությունը, ՀՀ ազատությունը, անկախությունը, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում եւ չեն սակարկվելու: Եւ ուրեմն մենք հաղթելու ենք, որովհետեւ այլ տարբերակ չկա:

Մեծարգո պարոն գերագույն հրամանատար,

ես ԱԺ խմբակցությունների անունից (նաեւ աչքովս ընկավ այլ քաղաքական արտախորհրդարանական ուժերի հայտարարություններ) ուզում եմ քաղաքական դաշտի միասնությունը եւ սատարումը հայտնել ՀՀ զինված ուժերին եւ նրա գերագույն գլխավոր հրամանատարին:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, Աստծո աջը մեր զինվորի, մեր ժողովրդի եւ մեր պետության գլխին:

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը»: