Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի մասնակցությամբ՝ տեղի ունեցավ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի նոր ջրամբարի բացման հանդիսավոր արարողությունը:
3,16 միլիոն դոլար արժողությամբ «Արտաշատ քաղաքի եւ շրջակա 27 գյուղերի ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագրի իրականացումը, որ սկսվել էր 2007թ մայիսին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի եւ ԱՄն Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ այսօր արդեն իրողություն է։ Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար Կարեն Սարգսյանը հիմնովին նորոգվել են առնու երկու աղբյուրները, Քաղցրաշենի գործող երկու ջրամբարն ու կառուցվել նոր՝ 4 հազար խորանարդ մետր տարողությամբ ջրամբար։ Կառուցվել է Քաղցրաշեն-Արտաշատ նոր 6,2 կմ երկարությամբ ջրատար։ Արտաշատ քաղաքն ու շրջակա 27 գյուղերն այսուհետեւ ապահովված են որակյալ եւ սառնորակ խմելու ջրով։ Իսկ Հայ Ջրմուղ ընկերությունն արդեն սկսել է հաշվիչների տեղադրումը։
Ծրագիրը նաեւ խթանել է էլեկտրաէներգիայի օգտագործման նվազեցմանը՝ վերացնելով Արտաշատի շրջակայքում գտնվող ջրհորներից պոմպերով ջուր հանելու պահանջը։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը շնորհավորելով Արարատի մարզի բնակչությանը եւ երախտիքի խոսք ասելով ԱՄՆ կառավարությանը, նշեց, որ գործակցությունը կլինի շարունակական։
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն իր խոսքում կարեւորեց ծրագրի սոցիալական եւ տնտեսական օգուտը, եւ համոզմունք հայտնեց, որ ծրագրի իրականացումը զգալիորեն կբարելավի Արտաշատ քաղաքի եւ շրջակա 27 գյուղերի բնակչության առողջական եւ կենցաղային պայմանները։
Երախտիքի խոսք ասաց նաեւ ՀՀ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրօրհներքի արարողություն։ Վեհափառ Հայրապետն օրհնելով՝ ասաց, որ ծրագրի իրականացումը ի բարօրություն է մեր ժողովրդի եւ երկրի։
Ջրածորակի բացման պատիվը տրվեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ու տիկին դեսպանը օրհնված ջուրը լցրին նորակառույց ջրամբարի մեջ։