Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով եղավ
Արարատի մարզում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, պատգամավորներ, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, պաշտոնատար անձինք։
Արարատի մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության հիմնական նպատակն էր անմիջական ծանոթությունը մարզի հիմնախնդիրներին: Պարոն Աբրահամյանը ծանոթացավ ինչպես մթերման գործընթացին, այնպես էլ ոռոգման ջրի հարկահավաքման եւ վարկավորման խնդիրներին, հետաքրքրվեց ցորենի, խաղողի բերքով ու գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած այլ խնդիրներով:
Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը հայտնեց, որ իրականացված աշխատանքների շնորհիվ այս տարի մարզում ոռոգման ջրի խնդիր չի եղել, որոշ խնդիրներ են ծագել վճարումների հետ կապված, որոնք, սակայն կարգավորվել են: Մարզում ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումը ամենաբարձրն է հանրապետությունում՝ կազմում է 82 տոկոս, որը հետեւողական աշխատանքի արդյունք է։ Ջուրը ապրանք է, իսկ գնված եւ օգտագործած ապրանքի համար վճարում են։
Հարկերի հավաքագրման հարցում անցյալ տարի Արարատի մարզն առաջինն է եղել. մարզպետը հուսով է, որ այս տարի եւս մարզը դիրքերը չի զիջի: 2009-ը բերքառատ տարի է։ Մարզի մթերող կազմակերպությունները այգեգործների եւ ֆերմերների հետ նախապես կնքված
պայմանագրերի համաձայն, արդեն սկսել են ծիրանի եւ մյուս մրգատեսակների մթերումը։ Առաջին անգամ ծիրան է արտահանվել Ուկրաինա, Բելառուս եւ Բելգիա։ Իսկ այս տարի արդեն արտահանվել է 9 հազար տոննայից ավելի ծիրան: Միայն Արտաշատի պահածոների գործարանը արդեն մոտ 1000 տոննա ծիրան է մթերել: Պարոն Հովակիմյանը ցանկություն հայտնեց, որ սպասվող խաղողի մթերումը կազմակերպվի այնպես, ինչպես ծիրանինը, որպեսզի գյուղացին որեւէ դժգոհություն չունենա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը բավարար գնահատեց հանրապետությունում իրականացված գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Առատ տեղումները որոշ խնդիրներ ստեղծել են հատկապես ծիրանի բերքի հետ կապված, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավոր ընկերությունները կարողացել են նորմալ կազմակերպել մթերման գործընթացը: Այսօրվա դրությամբ մարզում մթերվել է 2000 տոննա ծիրան, իսկ արտահանման աշխարհագրությունը մեծացել է: Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչները հիմնականում դժգոհեցին վարկային ռեսուրսների տրամադրման ուշացումից: Օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գազի ծախսը մեծ է լինում, եւ մթերող ընկերությունների համար հաճախ դժվար է անմիջապես վճարել: Նրանք խնդրեցին, որպեսզի ժամանակ տրվի` գազային վճարումները մինչեւ տարեվերջ
իրականացնելու:
ԱԺ նախագահը խոստացավ բարձրացված հարցերի կապակցությամբ խորհրդակցել համապատասխան պաշտոնյաների հետ` դրանց լուծումները գտնելու նպատակով: Իսկ ԱԺ մշտական հանձնաժողովը հարցերի շուրջ կկազմակերպի լսումներ:
Խորհրդակցությունից հետո ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արտաշատի պահածոների գործարան, ծանոթացավ մթերման եւ պահածոյացման գործընթացին: 1961 թ. գործող գործարանը 65 տեսակի պահածո է արտադրում, 450 աշխատակից ունի, սեզոնին նրանց թիվը հասնում է 650-ի: Գործարանի տնօրեն եւ սեփականատեր Սերգո Կարապետյանն ասաց, որ չնայած այս տարի ծիրանի որակն ընկել է, սակայն դա որեւէ կերպ չի ազդում պահածոյի որակի վրա: Գործարանը ծիրանը մթերում է միջին շուկայական գնով, ինչը ձեռնտու է նաեւ գյուղացուն: Արտադրանքի 60 տոկոսն արտահանվում է ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ: Տեսականին հարուստ է, շուրջ 65 տեսակի պահածո եւ հյութ է արտադրվում։ Եզակի ձեռնարկություններից է, որ ժամանակին է վճարում մթերած հումքի դիմաց։ «Կարողանում ենք նաեւ արտաքին շուկայում հաղթահարել մրցակցությունը»,-ասաց
տնօրենը` միեւնույն ժամանակ նշելով, որ ճգնաժամը հիմնականում չի ազդել գործարանի վրա. աշխատավարձերը չեն իջեցվել եւ վճարվում են ժամանակին:
Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից եղավ առաջարկ, որ մարզի համայնքներում աճուրդի միջոցով գործարանը գնի սեփական հողատարածքներ` գյուղացիների համար ոչ այնքան եկամտաբեր բույսերի աճեցման եւ սեփական կարիքների համար սպառման նպատակով: Հովիկ Աբրահամյանը առաջարկեց մարզպետին` այդ հարցը քննարկել համայնքների հետ:
Խորհրդարանականների հաջորդ կանգառը 3300 բնակիչ ունեցող Քաղցրաշեն համայնքն էր: Քաղցրաշենն Արտաշատի շրջանի այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ եւ անասնապահությամբ զարգացած գյուղերից է։ Ունի միջնակարգ դպրոց, գործում է Մխչյանի երաժշտական դպրոցի մասնաճյուղը։
Այստեղ էլ Հովիկ Աբրահամյանը ծանոթացավ գյուղացիների խնդիրներին, որոնք տարաբնույթ էին եւ հրատապ լուծման կարիք ունեին` գյուղմթերքի մթերումից մինչեւ մշակույթի տան տանիքի վերանորոգում: ԱԺ նախագահը խոստացավ գյուղի 80-ամյակի կապակցությամբ մինչեւ սեպտեմբեր կազմակերպել մշակույթի տան տանիքի վերանորոգումը:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վերջում այցելեց 1953 թ-ից գործող Վեդի Ալկո գինու-կոնյակի գործարան: Խմբի անդամները համտեսեցին Արարատյան դաշտավայրի մրգերից քամվող խմիչքն ու խոստացան հաճախ լինել
մարզում:
Լրագրողների հետ զրուցում Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուների խոսքն ու գործը մեծամասամբ համընկնում են: Մանրամասնելով` խորհրդարանի նախագահն ասաց, որ ոռոգման ջրի խնդիրը հիմնականում լուծված է, մեծ դժգոհություն չկա, եթե հաշվի չառնենք փոքր խնդիրները:
Անդրադառնալով որոշ վերամշակողների այն մտահոգությանը, թե վարկերի տրամադրման հարցում կառավարության համապատասխան օղակներում ձգձգումներ են լինում` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքն այդ մասին տեղյակ է պահելու վարչապետին. «Նաեւ ՀՀ նախագահին կտեղեկացնեմ խնդիրների ու արված գործերի մասին, որովհետեւ գյուղատնտեսական հարցերը նրա մշտական ուշադրության կենտրոնում են: Ես համոզված եմ, որ նաեւ տարածքային մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ քիչ խնդիրներ»: ԱԺ նախագահը նշեց, որ իրեն ներկայացվել է նաեւ մարզում 1 կմ 280 մետր ջրագծի կառուցման խնդիրը, որը կլուծի մոտ 100 բնակչի ոռոգման ջրի հարցը: Հրատապ է նաեւ Քաղցրաշենի մշակույթի տան, դպրոցի եւ մանկապարտեզի վերանորոգումը: Պարոն Աբրահամյանն ասաց, որ փորձելու է այնպես անել, որ վերոնշյալ հարցերի լուծումն
ընդգրկվի պետբյուջեի ծախսերում, իսկ գյուղատնտեսությանն ու գյուղացիներին առնչվող խնդիրները շարունակելու են մնալ խորհրդարանի նախագահի ուշադրության կենտրոնում, ոլորտի նվիրյալները եւս չեն անտեսվի: Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ ինչպես ինքը, այնպես էլ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներն ու անդամները կշարունակեն այցելությունները հանրապետության մարզեր։
ՀՀ ԱԺ նախագահը «Երկարատեւ, անբասիր ու հայրենանվեր աշխատանքի համար» ԱԺ պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին: