Հուլիսի 6-ի երեկոյան InterContinental PARIS-LE GRAND հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ելույթով հանդես գալով ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.
«Տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի հայրենակիցներ,
Օգտվելով Ձեր առջեւ ելույթ ունենալու հնարավորությունից, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի անունից մեկ անգամ եւս մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանսիային եւ ֆրանսիացի ժողովրդին այն համերաշխության եւ անվերապահ աջակցության համար, որ նա ինչպես մեր պատմության ծանր շրջաններում, այնպես էլ այսօր ցուցաբերում է հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ:
Հայ-ֆրանսիական բարեկամության մասին հենց այս դահլիճում բազմիցս առիթներ են ունեցել խոսելու Հայաստանի նախագահները: Հարկ չկա կրկնելու նույնը: Սակայն մի բան ուզում եմ ընդգծել. հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամությունն անքակտելի է: Այն հիմնված չէ շահի կամ որեւէ պատեհապաշտության վրա, այդ բարեկամությունն արդեն վերածվել է արժեքի: Սակայն ամեն արժեք գնահատանք եւ խնամք է պահանջում եւ մեզ վրա է դրված, մեզ եւ ձեզ վրա, այդ անգին գանձը փոխանցել մեր սերունդներին: Ես կարծում եմ ֆրանսահայության ամենամեծ առաքելությունը հենց սա է: Մանավանդ այնպիսի բարենպաստ պայմաններում, ինչպիսին ստեղծել է Հայաստանի անկախացումը: Հայաստանի անկախ պետությունը նոր հեռանկարներ բացեց ոչ միայն մեծ աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու, այլ նաեւ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների նորովի կառուցման, զարգացման եւ ամրապնդման ասպարեզում:
Միաժամանակ, նոր պատմական իրողությունների պայմաններում հայությունը կանգնեց նոր մարտահրավերների առջեւ, որը պահանջում է համազգային ուժերի եւ կարողությունների համախմբում, կենտրոնացում, առաջացած խնդիրները միասնաբար, համատեղ ուժերով լուծելու հրամայական:
Եվ այսօր, շնորհիվ մեր ժողովրդի բոլոր հատվածների նվիրվածության, համախմբվածության, միասնաբար գործելու պատրաստակամության` Հայաստանը կարողանում է լուծել իր առջեւ ծառացած, երբեմն անհավանական թվացող խնդիրները:
Այդ միասնության շնորհիվ Հայաստանը եւ ողջ հայությունը թեւակոխել են զարգացման եւ համազգային խնդիրների լուծման նոր ժամանակահատված, որտեղ, կրկնում եմ, անգնահատելի է հայ սփյուռքի ներդրումը:
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մշտապես գտնվել են Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում: Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման եւ ամրապնդման եւ մասնավորապես Սփյուռքի հայապահպանության խնդիրների լուծմանը զորավիգ կանգնելու պատրաստակամությամբ էր պայմանավորված Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծումը:
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն իրենց յուրահատկությունն ունեն, իրենց զարգացման տրամաբանությունը եւ շարժառիթները, որոնք կապված են շատ ու շատ պայմանների հետ: Բայց մենք արդեն ճանապարհ ենք անցել,- նույնիսկ սառը պատերազմյան դժվար շրջանը,- փորձ ենք կուտակել, եւ դրա հիման վրա կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, որոնք նպաստում են ոչ միայն հայության առջեւ կանգնած խնդիրների լուծմանը, այլեւ ժողովուրդների մերձեցմանը, միջմշակութային երկխոսության ծավալմանը եւ խաղաղության ամրապնդմանը:
Հայերը խոր դարերից սկսած եղել են առաջընթացի, լուսավորության եւ նոր գաղափարների մարտիկներ: Այդ արժեքներն այսօր էլ պահպանում են իրենց ուժը եւ մենք պետք է հավատարիմ մնանք դրանց: Մենք պետք է դավանենք եւ ծառայենք համընդհանուր մարդկային արժեքներին, որպեսզի կարողանանք ծառայել մեր Հայրենիքին եւ ժողովրդին:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր համազգային խնդիրների օրակարգում առաձնակի տեղ ունի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ Հայաստանի եւ Սփյուռքի գործակցությունը եւ համատեղ աշխատելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր քաղաքականությունը եւ գործողությունները որեւէ կերպ չեն առնչվում Հայոց ցեղասպանության հարցի հետ, այն քննարկման եւ առավել եւս սակարկման առարկա չէ:
Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության հանդեպ: Այն մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունն է, որը մեզ զրկել է միասին, համատեղ, մեր պատմական Հայրենիքում ապրելու բնական իրավունքից:
Ժողովրդին եւ առավել եւս մեր ժողովրդին հնարավոր չէ զրկել պատմական հիշողությունից, բայց ազգը կարող է հաղթահարել պատմությունը:
Մեր դեպքում Հայաստանը եւ Թուրքիան պետք է դեմ հանդիման կանգնեն իրենց պատմություններին: Հայաստանն առաջարկում է, որ Թուրքիան մի կողմ դնի, նախապայմանները, համարձակություն ունենա նայելու սեփական պատմությանը, բնականոն հարաբերություններ հաստատի իր հարեւանի հետ, որը չի հեռանալու այս տարածաշրջանից կամ մոռանալու իր պատմությունը:
Մենք ապրում ենք կողք-կողքի եւ մեզ երբեւէ չի լքում մեր կրած կորուստների մասին հիշողությունը: Եվ հենց կողք-կողքի ապրելու հանգամանքը պետք է մեզ մոտ առաջացնի պատմությունը հաղթահարելու ցանկություն եւ պատրաստակամություն:
Այս գիտակցությամբ եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, համագործակցության լայն ասպարեզ բացելու պատրաստակամությամբ Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվ քայլեր ձեռնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Եվ այսօր մենք սպասում ենք Թուրքիայի դրական պատասխանին: Դրան են սպասում նաեւ միջազգային հանրությունը, մեր բոլոր անկեղծ բարեկամները, այդ թվում Ֆրանսիան:
Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, այն ոչ թե շահերի բախման, այլ համագործակցության, զարգացման եւ բարգավաճման տարածաշրջան տեսնելու մոտեցումով են պայմանավորված նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր սկզբունքները:
Լեռնային Ղարաբաղի անկախությունը մեզ համար սակարկման առարկա չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնական եւ անքակտելի իրավունքն է տնօրինելու իր ճակատագիրը, հիմնված միջազգային համընդհանուր նորմերի վրա: Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարել Լեռնային Ղարաբաղի անկախության համար եւ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է նրա ազատ եւ անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը, եւ ոչ մի ուժ, ոչ մի ռազմատենչ հայտարարություն չի կարող կոտրել հայության անսասան կամքը: Ուզում եմ կրկին ընդգծել, բացի խաղաղ բանակցություններից հարցի լուծման այլ ճանապարհ չկա:
Սիրելի բարեկամներ,
Հայաստանի Հանրապետությունը հետեւողական քայլեր է իրականացնում նաեւ երկրի ներքին կյանքի կարգավորման, պետական հիմնարկների գործունեության կատարելագործման, ժողովրդավարական նորմերի եւ սկզբունքների ամրապնդման, դրանք ապրելակերպ եւ կենսակերպ դարձնելու ուղղությամբ: Լուրջ քայլեր են ձեռնարկվում հասարակական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ձեւավորման, ապրելու եւ գործելու ժողովրդավարական նորմերի հաստատման ուղղությամբ:
Մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, մենք երիտասարդ ժողովրդավարություն ենք եւ այդ ճանապարհին լինում են նաեւ բացթողումներ: Բայց մենք հաստատակամ ենք մեր նպատակների մեջ: Մենք կատարել ենք մեր ընտրությունը`որպես կենսակերպ ընտրել ենք ժողովրդավարությունը, ազատ շուկայական տնտեսությունը, խոսքի եւ խղճի ազատությունը: Դա մեր հասարակության, մեր ժողովրդի բնական զարգացման արդյունքն է, ցանկությունն է, քանի որ ինքներս մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մասնիկ եւ կրող, քանի որ մեր պատմությունը եւ մեր արմատները մեզ տանում են դեպի այդ քաղաքակրթության ակունքները:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր` աշխարհաքաղաքական եւ պատմական նոր իրողություններում աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում տեղի են ունենում սրընթաց զարգացումներ, փոփոխություններ, որոնք Հայաստանին եւ հայությանը նետում են նոր մարտահրավերներ եւ պահանջում համարժեք քայլեր եւ մոտեցումներ:
Ժամանակը, նոր իրողությունները մեզ թելադրում են, որպեսզի մենք լինենք առավելագույնս համախմբված, կազմակերպված, բոլորս տոգորվենք պարտքի եւ պատասխանատվության խորը գիտակցությամբ, ցուցաբերենք հանդուրժողականություն, հաստատենք փոխըմբռնման մթնոլորտ, մեր մեջ պետք է տիրի համերաշխության ոգին, ազգային-պետական, համազգային խնդիրների գերադասման մտայնությունը:
Եվ ես համոզված եմ, որ մենք միասնաբար, համատեղ ուժերով ու ջանքերով ի զորու ենք լուծելու մեր բոլոր խնդիրները, մեր ժողովրդի համար ստեղծելով ապահով եւ անվտանգ զարգացման եւ ամրապնդման անհրաժեշտ պայմաններ:
Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ ձեր գործի մեջ եւ ընտանեկան կյանքում»: