Ապրիլի 21-ին Վարշավայում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը երկու երկրների վրա: Հովիկ Աբրահամյանը վարչապետ Տուսկին ներկայացրեց հայ-լեհական խորհրդարանական շփումների ներկա վիճակը: Երկկողմ տնտեսական կապերը խթանելու նպատակով` Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ստեղծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով եւ հայտնեց երկու երկրների գործադիր իշխանությունների համագործակցությանը նպաստելու իր պատրաստակամությունը:
ԱԺ նախագահը եւ Լեհաստանի վարչապետը համաձայնեցին, որ Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լեհական երկկողմ համագործակցության զարգացման, այդպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում Եվրամիության ներգրավման համար:
Ապրիլի 22-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կրակով, որտեղ իրենց կդիմավորի Մալոպոլսկու վոյեվոդա Եժի Միլլերը: Նախատեսվում է, որ նույն օրն Ազգային ժողովի պատվիրակությունը կայցելի Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր-թանգարան:
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան: