Մարտի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ԻԻՀ արտաքին գործերի նախարարին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ
Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերություններն այս այցով նոր լիցք կստանան, առավել կամրապնդվեն եւ կզարգանան: ԱԺ նախագահը ընդգծեց, որ ԻԻՀ-ն Հայաստանի համար մշտապես եղել է լավ հարեւան եւ մեր երկրի համար դժվարին ժամանակներում մեծ օգնություն է ցուցաբերել: Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով Հայաստանի տնտեսությանը հասցված վնասները շատ ավելի մեծ կլիենեին, եթե չլիներ Իրանի աջակցությունը: ԱԺ նախագահը շեշտելով այն փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի նախագահը պարոն Մոթթաքին է, կարեւորեց Հայաստանի ու Իրանի միջեւ համագործակցության խորացումը նաեւ տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, կրթության, մշակույթի, տրանսպորտային ոլորտներում: Կարեւորվեց Իրան-Հայաստան երկաթագծի շինարարության անհրաժեշտությունը: Պարոն Աբրահամյանը հայ-իրանական հարաբերություններում կարեւոր նշանակություն վերապահելով միջխորհրդարանական համագործակցությանը` ողջունելի համարեց այն փաստը, որ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել նաեւ այս բնագավառում:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ գոյություն ունեցող բազմակողմ, այդ թվում տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը: Հիշատակելով Իրան-Հայաստան արդեն գործարկված գազատարը, պարոն Մոթթաքին շեշտեց, որ մի քանի տարի առաջ, որեւէ մեկը հավատ չէր ընծայում ծրագրին, որն համատեղ ջանքերով իրականություն դարձավ: Նույնը վերաբերում է այն բոլոր ծրագրերին, որոնց շուրջ պայմանավովածություն է ձեռք բերվել: Կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը` պարոն Մոթթաքին ընդգծեց բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության արդյունավետությունը: ԻԻՀ արտգործնախարարը պարոն Աբրահամյանին փոխանցեց ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի բարեմաղթանքները եւ Իրան այցելելու հրավերը: Նրա համոզմամբ` ՀՀ ԱԺ նախագահի այցը ԻԻՀ կխորացնի եւ կամրապնդի երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ փոխհարաբերությունները բոլոր ուղղություններով:
Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցում երկուստեք կարեւորվեց տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` այս համատեքստում անդրադարձ եղավ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման խնդրին: Պարոն Աբրահամյանի համոզմամբ, խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի եւ բանակցային գործընթացը պետք է իրականանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշվեց, որ Հայաստանը կողմ է բոլոր հարեւանների հետ բարեկամական հարաբերությունների ձեւավորմանը եւ ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
Վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ արտգործնախարարին խնդրեց իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիին ` նշելով, որ սիրով ընդունում է Իրան այցելելու նրա հրավերը: