Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում հանդիպեցին իշխող կոալիցիայի` «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հետ: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության անդամների հետ վարչապետը հանդիպել էր մարտի 9-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վարչապետի հետ հանդիպման նպատակն է քննարկել, թե համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչ մեխանիզմներ է նախատեսում կառավարությունը ատեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2008 թ. նոյեմբերի 12-ին կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել հակաճգնաժամային ծրագիրը, որից հետո գործադիրը հաստատել է ծրագրից բխող ժամանակացույցը: Ընդգծվեց,
որ կառավարությունն ունի հստակ գնահատականներ ստեղծված իրավիճակի շուրջ. նվազել են մասնավոր ուղղակի ներդրումները, ժամանակավոր սառեցում է տեղի ունեցել հանքահումքային արդյունաբերության ոլորտում, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրեր հետաձգվել են, կրճատվել են մասնավոր տրասնֆերտները: Վարչապետի խոսքով` որպես հետեւանք ի հայտ է գալիս սպառման ծավալների կրճատում, վճարային հաշվեկշռի վատթարացում եւ վարկատուների բացասական սպասումների ձեւավորում:
Ներկայացնելով կառավարության առաջնահերթ քայլերը Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետեւանքները հաղթահարելու համար` վարչապետը նշեց, որ գործադիրը
ուշադրությունը նախեւառաջ կենտրոնացնելու է ենթակառուցվածքների բնականոն գործունեության ապահովմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը եւ սոցիալական ծախսերի պաշտպանվածությանը: Կառավարությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը քննարկում է կոնկրետ խնդիրներ եւ լուծումներ տալիս դրանց: Ծախսերի վերաբաշխումը կատարվելու է ըստ եռամսյակների, ընդ որում առաջին եւ երկրորդ եռամսյակներում աշխատելու են խիստ տնտեսման ռեժիմով
` նախապատվությունը տալով սոցիալական ծախսերին, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների վճարմանը: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաեւ լողացող փոխարժեքի կուրսի սահուն անցման անհրաժեշտությանը:
ՀՀ վարչապետը պատասխանեց պատգամավորներին մտահոգող բազմաթիվ հարցերի: Կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները վարչապետին ներկայացրին իրենց առաջարկությունները ճգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելու համար: