Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած
պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարական կազմի հետ:
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատվիրակությանը ծանոթացրեց պաշտպանական բանակի կառուցվածքին, տեղաբաշխմանն ու մարտական պատրաստականությանը: Նախարարը ներկայացրեց նաեւ զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրներ, որոնց լուծման համար ՀՀ Ազգային ժողովի նախագահը նախարարին առաջարկեց ներկայացնել գրավոր հիմնավորումներ, որպեսզի հարցը քննարկվի ՀՀ Ազգային ժողովում եւ օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարվեն: ԼՂՀ պաշտպանության նախարարը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց նախարարության հուշամեդալով: Այնուհետեւ ԼՂՀ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակության հետ եղավ սահմանային շփման գոտու պաշտպանական
կառույցներում, ծանոթացավ զինվորների ծառայությանը եւ իր իսկ բնորոշմամբ` համոզվեց, որ երկիրը հուսալի ձեռքերում է: Նա զինվորներին նվիրեց էլեկտրոնային տեխնիկա եւ բարի ծառայություն մաղթեց նրանց:
Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց եղբայրական գերեզմանին, այնուհետեւ մեկնեց Շուշի, այցելեց Սբ. Ղազանչեցոց եկեղեցի եւ հանդիպում ունեցավ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան: