ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է Կուսակցությունների մասին օրենքի եւ Ընտրական օրենսգրքի մշակմամբ: Այս համատեքստում կարեւորվել է ԱՄՆ փորձի ուսումնասիրումը եւ անհրաժեշտության դեպքում այն կիրառումը:
Խոսելով Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախատեսվող փոփոխությունները կնպաստեն բնագավառի հանդեպ հանրության վստահության բարձրացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում կանանց ներգրավվածությանը, ընտանեկան բռնության դեպքերը կանխելուն ուղղված հայ խորհրդարանականների կողմից իրականացվող քայլերին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ զբաղվում է կանանց խնդիրներով՝ փորձելով օրենսդրական կարգավորումների միջոցով լուծում տալ դրանց:
Հյուրերը խոսել են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումներին:
Ադրին Նազարյանը եւ Փոլ Քրիքորյանը կիսվել են Արցախ կատարած այցի տպավորություններով՝ փաստելով մի շարք ոլորտներում տեղի ունեցած առաջընթացը: