Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2001
  • Գլուխ I      Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը եւ էկոլոգիական գործընթացի կազմակերպումը
  • Գլուխ III   Ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառավարումը

  • Սույն օրենքը կարգավորում է ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական եւ ֆինանսատնտեսական հիմքերը:

    Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու՝ մարդու սահմանադրական իրավունքի եւ կարեւորագույն պետական խնդրի՝ էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական բարձր կուլտուրա, որը ձեռք է բերվում էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:

    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    պետական քաղաքականությունը ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում՝ պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է՝ նպատակաուղղված ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի եւ հասարակության էկոլոգիական կուլտուրայի ձեւավորմանը.

    էկոլոգիական կրթություն՝ անընդմեջ գործընթաց է՝ նպատակաուղղված անձին եւ ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության եւ բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ եւ խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսեւորմանը եւ վարքագծի ձեւավորմանը.

    էկոլոգիական դաստիարակություն՝ էկոլոգիական կուլտուրայի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ եւ կարողություններ, ձեւավորել հմտություններ եւ բացահայտել ունակություններ, դրսեւորել բարոյական չափանիշներ եւ վարքագիծ՝ բնության հետ փոխներգործության ընթացքում.

    էկոլոգիական գիտելիք՝ հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.

    էկոլոգիական գիտելիքների նվազագույն՝ հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների եւ էներգիայի խնայողության, տնտեսական եւ այլ գործունեության, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի վերականգնման եւ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեւավորման նպատակին.

    էկոլոգիական կուլտուրա ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխներգործության վերաբերյալ հայրենական եւ համաշխարհային փորձն է, որը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:

    Հոդված 2. Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը

    Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:

    Հոդված 3. Օրենքի նպատակը եւ խնդիրները

    Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է՝

    ա) ապահովել մարդու եւ հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը.

    բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ կուլտուրայի ձեւավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակմանը, համակողմանիորեն զարգացած անձի ձեւավորմանը:

    Օրենքի խնդիրներն են՝

    ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը եւ պաշտպանումը.

    բ) ազգաբնակչության էկոլոգիական ուսուցման, դաստիարակման եւ էկոլոգիական կուլտուրայի ձեւավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական եւ այլ երաշխիքների ապահովումը.

    գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:

    Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության ոլորտում

    Էկոլոգիական անընդմեջ կրթության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

    ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.

    բ) էկոլոգիական կրթության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը.

    գ) էկոլոգիական կրթության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային եւ ճյուղային բոլոր պետական ծրագրերում.

    դ) էկոլոգիական կրթության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.

    ե) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության հարցերում:

    Հոդված 5. Էկոլոգիական կրթական ու տեղեկատվական դաշտը եւ օգտագործման ոլորտները

    Պետության էկոլոգիական կրթական եւ տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն եւ ծառայություններ), մշակույթի եւ հանգստի, զբոսաշրջության եւ սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) եւ պատմա-ճարտարապետական համալիրների, քաղաքային եւ գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության եւ անհատի էկոլոգիական կուլտուրայի ձեւավորման համար:

    Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական եւ հասարակական կազմակերպությունների եւ միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաեւ անհատների եւ հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:
     


    ԳԼՈՒԽ II

    ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 6. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը

    Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:

    Հոդված 7. Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը

    Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետեւյալ մակարդակները.

    ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում եւ նախադպրոցական հաստատություններում).

    բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.

    գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.

    դ) բարձրագույն մասնագիտական էկոլոգիական կրթություն.

    ե) հետբուհական էկոլոգիական կրթություն.

    զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն, այդ թվում՝ զինված ուժերում:

    Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

    Հոդված 8. Էկոլոգիական կրթության պետական ծրագրերը

    Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:

    Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան:

    Հոդված 9. Էկոլոգիական կրթության ֆինանսավորումը

    Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման եւ արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ III

    ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 10. Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

    Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝

    ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.

    բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի եւ էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային եւ ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.

    գ) մասնակցությունը միջազգային էկոլոգիական կրթական ծրագրերի մշակմանը.

    դ) էկոլոգիական կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ կրթական հաստատությունների ու կազմակերպությունների գործունեության արտոնագրման եւ պետական հավատարմագրման կարգի սահմանումը.

    ե) պետական ծառայողների եւ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգիական-մասնագիտական պատրաստվածության ստուգման եւ ատեստավորման կարգի սահմանումը.

    զ) էկոլոգիական կրթության համակարգի համար մասնագետ-էկոլոգների, գիտական, մանկավարժական կադրերի եւ պետական ծառայողների պատրաստումն ու որակավորման բարձրացումը.

    է) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը:

    Հոդված 11. Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

    Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
     

    Հոդված 12. Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների մասնակցությունն էկոլոգիական կրթությանը
    Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն իրավունք ունեն՝

    ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.

    բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին.

    գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը:

    Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան:

    Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել եւ ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:

    Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:

    Ծնողները եւ նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար եւ պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:

    Հոդված 13. Միջազգային համագործակցությունը էկոլոգիական կրթության բնագավառում

    Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում՝ միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաեւ կրթական հաստատությունների եւ ֆիզիկական անձանց հետ՝ պայմանագրերի միջոցով:

    Հոդված 14. Օրենքի կիրարկման վերահսկողությունը

    սՕրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության եւ բնօգտագործման հարցերով:

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին:

    Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    17 դեկտեմբերի 2001թ.
    ՀՕ-264




    07.02.2017 «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    17.11.2017 «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    04.03.2020 «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին