Տպել
03.09.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ

Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար

«Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի ընթացակարգով նախատեսված քվոտայով Հայաստանին հատկացված տեղի համար ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի տեղի համար:

Վավերացնելով «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Համաձայն ընթացակարգերի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն հանձնաժողովում ընդգրկվելու համար, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող անդամը:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն): Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված են թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը: Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն karine.shimshiryan@parliament.am էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը: Ցանկալի է, որ այն լրացվի անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 2018 թվականի հոկտեմբերի 3-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով՝ 011 513-430: