Տպել
04.09.2006
«Ջիհադ նշանակում է կյանք եւ ոչ թե պատերազմ ու սպանություն»

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասսունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, երկու երկրների դեսպանները:

Մանրամասնելով Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասսունի Հայաստան այցի նպատակն ու ընթացքը` Վեհափառ Հայրապետը կարեւո րեց երկու երկրների բարեկամական կապերը եւ մասնավորապես անցյալ դարակսզբին հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ապաստան տալը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով խորհրդարանում Սիրիայի հոգեւոր առաջնորդին, շնորհակալությամբ անդրադարձավ 1915 թ. մեր ժողովրդի տանջահար մի հատվածին եղբայրաբար ընդունելու եւ իբրեւ լիարժեք քաղաքացիների վերաբերվելու փաստին: ԱԺ նախագահը նշեց, որ ուշադիր հետեւում է այն իրադարձություններին, որ խռովքի մեջ են պահում տարածաշրջանը, եւ մտահոգ է ոչ միայն հայրենակիցների ճակատագրով, այլեւ բարեկամ ժողովուրդների: Մուֆթիի այցը Հայաստան պարոն Թորոսյանը կարեւորեց մի շրջանում, երբ հարեւան երկրի հոգեւոր առաջնորդը սպառնում է ջիհադով եւ վստահություն հայտնեց, որ կրոնները մարդկանց համար բաժանիչ լինել չեն կարող. կան մարդկանց միավորող շատ վեհ արժեքներ, որոնք հնարավորություն են տալիս մարտահրավերներին դիմակայել:

Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասսունը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի եւ ժողովրդի ողջույնները փոխանցելով` իր գոհունակությունը հայտնեց Ազգային ժողովում հյուրընկալվելու համար իբրեւ մի երկիր, որը առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը` տեր դառնալով մի լույսի, որ ուղենշեց նրա հետագա պատմությունը: Անդրադառնալով Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդի հայտարարած ջիհադին, մուֆթին ջիհադի իր մեկնաբանությունը տվեց` նշելով, որ ջիհադ նշանակում է կյանք եւ ոչ թե պատերազմ ու սպանություն, որովհետեւ ջիհադը մարդկանց միավորում է բարի գաղափարի շուրջ, իսկ հոգեւոր ղեկավարների խնդիրը պետք է լինի քաղաքական ղեկավարներին աջակցելը` խաղաղություն ու բարեկեցություն հաստատելու գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ինչպես ջիհադը կարող է տարբեր մեկնաբանություններ ստանալ նույն կրոնի ներսում, այնպես էլ տարբեր մեկնաբանություններ է տրվում ժողովրդավարություն հասկացությանը. այն մեկնաբանվում է եւ իբրեւ մարդուն բարիք ու պաշտպանվածություն բերող կառավարման ձեւ, բայց կան մարդիկ ու խմբեր, որ ժողովրդավարությունն օգտագործում են պատերազմի համար: Թեպետ` երբեք բարիքը պատերազմով չի բերվում ու չի պարտադրվում:

Երկկողմանիորեն կարեւորվեց գլոբալացման մարտահրավերներին  դիմակայելով` ազգային ինքնությունը պաշտպանելն ու պահպանելը, քանզի ինքնության կորուստը մեղք է նաեւ Աստծո առաջ, որ պարգեւել է այդ ինքնությունն ու առանձնահատկությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի: