Տպել
07.06.2005
Հայ-շվեդական փոխհարաբերությունների զարգացման հեռանկարով

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Յուհան Մուլանդերին: Հանդիպմանը մասնակցում էր Շվեդիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնակալության առիթով` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նրա խնդրանքով իրազեկեց Հայաստանյան բարեփոխումների  ընթացքի մասին` անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանի ընդգրկումը Եվրամիության նոր հարեւանության ծրագրում`  ժողովրդավարության բարեփոխումներն ու տնտեսության զարգացումը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում: Եվ այդ ճանապարհին Հայաստանի համար կարեւոր է ունենալ թե շվեդական փորձը` հատկապես օրենսդրության առումով, թե Շվեդիայի աջակցությունը:

Հայաստանում Շվեդիայի դեսպան Յուհան Մուլանդերը, կարեւորելով Հայաստանի դերը, իր երկրի պատրաստակամությունը հայտնեց նպաստել թե բարեփոխումների գործընթացին, թե զարգացման ծրագրերին: Նրա կարծիքով` Եվրախորհրդի չափանիշներին համապատասխան սահմանադրությունն ու օրենսդրությունը նոր հեռանկարներ կբացեն Հայաստանի առաջընթացի համար` նպաստելով նաեւ ներդրումների ավելացմանը:  Փոխադարձաբար կարեւորվեց նաեւ Հայաստանում Շվեդական զարգացման գործակալության արդյունավետ աշխատանքը: