Տպել
12.09.2022
Կառավարությունն ազդարարման համակարգը բարելավելուն ուղղված քայլեր է նախաձեռնել
1 / 7

«Ազդարարման համակարգի մասին» եւ մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման եւ կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը՝ ներկայացնելով հիմնական կարգավորումները:

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների եւ համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին: Առաջարկվող կարգավորումների մանրամասները՝ այստեղ:  
 
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցուպատասխանի ձեւաչափում կարծիք է հայտնել, որ գործող օրենքին չհամապատասխանող իրավիճակ է ստեղծվել եւ հետաքրքրվել ոլորտի վիճակագրությամբ:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2019 թ. Գլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Դրանցից 153-ը եղել է անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել է անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերեւույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել է անանուն: 2022 թ. տվյալները դեռեւս չեն ստացվել:

Հերիքնազ Տիգրանյանն էլ կարեւորել է այն հանգամանքը, որ ազդարարումը պետք է լինի ոչ միայն կոռուպցիոն հանցագործությունների, այլ նաեւ՝ շահերի բախման, անհամատեղելիության, նաեւ կոռուպցիոն ռիսկերի մասով: Ըստ պատգամավորի՝ օրենքի չգործելը պայմանավորված է ոչ միայն կարգավորումների թերացմամբ, այլ նաեւ՝ հանրային մտածելակերպով, քանի որ ազդարարումը մեր հասարակության մեջ չի ընկալվում աջակցություն իրավապահ համակարգին կամ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:

Երանուհի Թումանյանցը հստակեցրել է, որ Կառավարությունն ազդարարման համակարգի զարգացման ուղղությամբ միջոցներ է ձեռնարկել, այդ թվում ընդունել է հաղորդակցության ծրագիրը, որով հստակ ազդարարվելու է այս համակարգի մասին: Նա նշել է, որ օրենքի փոփոխությունները  քննարկվել են շահագրգիռ ուժերի, նաեւ՝ միջազգային գործընկերների հետ: Փոխնախարարի խոսքով՝ հանրությանն օրենքի մասին ազդարարումն ավելի ընդգրկուն կլինի՝ շեշտը դնելով անանունության վրա, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան: «Հարցումները ցույց են տալիս, որ հաճախ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են վենդետայից ու հետեւանքներից»,- ասել է Երանուհի Թումանյանցը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով փոխնախարարին, նշել է, որ պետք է հետամուտ լինել քաղաքում տեղադրված ազդարարող պաստառները վերացնելու կամ դրանք նորով փոխարինելու հարցում: Երանուհի Թումանյանցը վստահեցրել է՝ միջոցներ են ձեռնարկվում, որ ազդարարումը չլինի միայն պաստառներով եւ թռուցիկներով:

«Առաջինից երկրորդ ընթերցում վիճահարույց հարցերը հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հարակից զեկույցում ասել  է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի գնահատմամբ՝ ոլորտում հաջողության չենք հասնի, եթե մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի չառնենք: Նրա խոսքով՝ կարելի է միջազգային չափանիշներին համապատասխանող օրենք գրել, որը չաշխատի: Պատգամավորը համոզված է, որ անանունությանը վերաբերող դրույթը պետք է հանվի. դա ծնելու է կոռուպցիա, չարաշահում:

Վլադիմիր Վարդանյանը եւս կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնվեն այս ոլորտում մեր երկրի առանձնահատկությունները: «Մենք չափազանց կարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, կարեւոր է նման նախագիծը, բայց մենք պետք է ունենանք նախագիծ, որը պետք է գործի, ոչ թե վերածվի նախագծի, որն ուղղված է պարզապես ազդարարների պաշտպանությանը: Այն պետք է ուղղված լինի ազդարարների պաշտպանության միջոցով երկրում կոռուպցիան արմատախիլ անելուն»,- ասել է պատգամավորը:


03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...