Տպել
26.04.2022
Կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ կանխարգելման համար ավելի ամուր հիմքեր սահմանելուն. Զարուհի Բաթոյան
1 / 4

Մեր երկրում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ընդունվելու են եռամյա ազգային ծրագրեր ու դրանց իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատելու է Կառավարությունը:

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների հիմնական նպատակն է որոշ եզրույթներ նույնականացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի եզրույթների հետ, ինչպես նաեւ ավելացնել նոր դրույթներ:

Թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը կհաստատի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը:

Կառավարությունը նաեւ սահմանելու է զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները:

Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների հաստատումը սահմանելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, քանի որ նույնացման հանձնաժողովը գործում է նախարարության ենթակայության ներքո:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք աշխատանքային հանդիպումների ժամանակ նախապես քննարկվել են հանձնաժողովում: Փոփոխություններն ընդունվել են:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը նշել է, որ բոլոր կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ կանխարգելման համար ավելի ամուր հիմքեր սահմանելուն: ԱԺ պատգամավորը կարեւորել է գործողությունների ազգային ծրագրի շարունակականությունը՝ նշելով, որ պատգամավորների առաջարկով հաջորդ ծրագիրը կմշակվի եւ կգործի մինչեւ 2022թ. դեկտեմբերի 31-ը:

«Գործող ծրագրի ավարտին մենք կունենանք նոր ծրագիր՝ առանց ընդմիջումների»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր գործընկերները գործուն ներդրում են ունեցել նախագծի լավարկման գործում, թեեւ նրանք կեսից բոյկոտել են աշխատանքային քննարկումը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

Նշենք, որ հարցը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 26-ի նիստում: