Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-158-07.02.2022,21.03.2022-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր՝ դրան իրականացման ժամանակացույցերի, դրանց իրականացման ժամանակացույցերի, ֆինանսավորման աղբյուրների ու չափերի, ակընկալվող արդյունքների սահմանմամբ, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝

«1) մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով: Սույն օրենքում որպես մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաեւ շահագործման նպատակով երեխային կամ անօգնական վիճակում գտնվողին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի՝ պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելը, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, բջիջը, օրգանը, հյուսվածքը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելը.»,

2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին կետ՝

«1.1) անօգնական վիճակում գտնվող՝ անձ, որն իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակով պայմանավորված ի վիճակի չէ դիմադրություն ցույց տալ կամ ղեկավարել իր արարքը կամ գիտակցել իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը.»,

3) 5-րդ կետում «հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվող» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) վերնագրում «սահմանափակումը» բառից հետո լրացնել «եւ լրագրողական մրցանակաբաշխության հայտարարումը» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մաս՝

«2. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով՝ յուրաքանչյուր տարի հայտարարվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«5. Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «հոգեկան խանգարման առկայության» բառերը փոխարինել «անօգնական վիճակում գտնվելու» բառերով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր.

«2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.2. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների եւ կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից:»:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասում «Հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված» բառերը փոխարինել «Անօգնական վիճակում գտնվող» բառերով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: