Տպել
05.04.2022
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ
1 / 3

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 5-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: 
  
Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամ ճանաչված զինծառայողներին կամ զոհված զինծառայողների ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրվում է հատուցման գումար:

Գործող իրավակարգավորումների համաձայն` հիմնադրամի շահառուները չունեն հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների իրավունք: Հիմնադրամի շահառուների համար «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներով հստակեցվում են կենսաթոշակի կամ նպաստի իրավունք տվող պայմանները: Նախագծերով առաջարկվում է պահպանել հիմնադրամի շահառուների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքն այն բոլոր դեպքերում, երբ այդ իրավունքը փոխկապակցված չէ հատուցման դեպքի հետ: Սա նշանակում է, որ, օրինակ, զոհված զինծառայողի մայրը, անկախ հիմնադրամից հատուցման գումար ստանալու հանգամանքից, կարող է միաժամանակ ստանալ տարիքային, մասնակի, երկարամյա ծառայության կամ արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ կամ ծերության նպաստ:

Մեկ այլ օրինակ, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված` հիմնադրամի շահառու զինծառայողին կարող է նշանակվել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ: Նրան կարող է նշանակվել նաեւ ընտանիքի անդամի խնամքի համար կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:

Բերված երկու օրինակներում անձը միաժամանակ կարող է ստանալ հիմնադրամից հատուցման գումար եւ պետական բյուջեից` կենսաթոշակ/նպաստ: 
  
Օրենքներով հստակեցվում է, որ միայն հատուցման դեպքի հիմքով անձը չի կարող միաժամանակ ստանալ հատուցման գումար եւ հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ հաշմանդամության նպաստ, նաեւ՝ հատուցման գումար եւ կերակրողին կորցնելու դեպքում  աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ:

Ընդ որում, հատուցման գումար ստանալու իրավունքը դադարելու դեպքում հատուցում ստացող անձինք ձեռք են բերելու կենսաթոշակի իրավունք: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով` նախագծով առաջարկվում է նաեւ մահացած կերակրողի ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը այն դեպքում, երբ զոհված մահացած զինծառայողի զինծառայության ստաժը գերազանցում է 20 տարին, կենսաթոշակը հաշվարկել զինծառայության փաստացի ստաժից: Ներկայում անկախ  զոհված մահացած զինծառայողի զինծառայության ստաժից կենսաթոշակը հաշվարկվում է 20 տարվա ստաժից: 
  
Աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում առաջարկվում է ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչեւ նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը: Ներկայում հաշվառվում է առավելագույնը 10 տարի:

Կսահմանվի, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի` Հայաստանում լինելը կարող է հաստատել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` հիմք ընդունելով կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող` կենսաթոշակառուի անձամբ ներկայացրած ցանկացած դիմում:

Կհստակեցվեն օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի իրավունքն իրացնելու պայմանները: 
 
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Առաջարկվող կարգավորումներին կարող եք ծանոթանալ կից հղումներով՝ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...