Տպել
14.06.2005
Կրթական ու գիտական համակարգերի համագործակցությունը` օրախնդիր

Հունիսի 14-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության կրթության եւ դաստիարակության նախարար Մորթեզա Հաջիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների կրթական ու գիտական համակարգերի համագործակցության խնդիրներ: Փոխըմբռնման մթնոլորտում կարեւորվեց գոյություն ունեցող կապերի խորացման անհրաժեշտությունն ու փոխշահավետությունը` առկա մեծ ներուժի պայմաններում, նշվեց համագործակցության կոնկրետ ծրագրեր ու ձեւեր մշակելու կարեւորությունը: Կարեւորվեց հատկապես գիտական կենտրոնների ու բուհերի միջեւ հորիզոնական կապերի ստեղծումը, որին կնպաստի այն փաստը, որ երկու նախարարությունների միջեւ ստորագրած համաձայնագրով միմյանց երկրներում ճանաչվում են բուհական դիպլոմները: Քննարկվեց նաեւ գիտաժողով կազմակերպելու հնարավորությունը, որտեղ երկու երկրների բուհերի ղեկավարները կապերի հաստատման ու համագործակցության ծրագրերի մշակման հնարավորություն կունենան:

Կողմերն անդրադարձան նաեւ միջխորհրդարանական կապերի խորացման խնդրին` նշելով, որ շփումները սկիզբն են հետագա արդյունավետ գործերի: