Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2024

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի  324-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սնանկության գործի» բառերը փոխարինել «սնանկության վարույթի» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի՝ հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:».

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի՝ մինչեւ վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը:

2.2. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացվելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը կասեցվում է:

2.3. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետեւանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

01.02.2024
Երեւան
ՀՕ-21-Ն