Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2023

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«31) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.»:

Հոդված 2. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձեւակերպման եւ ուղեւորափոխադրումների, ինչպես նաեւ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից  ուղեւորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:».

3) 4-րդ մասը «ներկայացվող պահանջները» բառերից հետո լրացնել «, էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաեւ ուղեւորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-395-Ն