Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2023
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, եւ կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած.

4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, եւ վճռով ֆիզիկական անձն ազատվում է բոլոր պարտավորություններից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.

«7) երբ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի.

8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի.

9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որեւէ ժառանգ, կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, եւ ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առկա հարկային պարտավորությունների վրա:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

16.11.2023
Երեւան
ՀՕ-331-Ն