Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2023

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասում՝
1) առաջին պարբերության վերջին նախադասությունը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.
«Սույն մասի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

2)  բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:»:

Հոդված 2 . Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժդ» ենթակետը «լիզինգային պայմանագրի» բառերից առաջ լրացնել «լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթվի դրությամբ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին» բառերով:

Հոդված 3.   Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26-րդ կետով.
«26) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող եկամուտները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո:»:

Հոդված 4.   Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
1)  1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերի երկրորդ պարբերությունից հանել «, եւ շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով» բառերը.

2)  1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի դրույթները չեն կիրառվում՝

1)  եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

2)  բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում.

3)  եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ սույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին.

4)  լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ.

5) Կառավարության որոշումների հիման վրա սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ:».

3) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գույքային միավորների օտարումից եկամուտը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը (առանց ԱԱՀ-ի), բայց ոչ պակաս, քան հարկադիր կամ սնանկության աճուրդում այդ գույքը ձեռք բերելու գինը (առանց ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված կարգավորումները կիրառվում են միայն այն գույքային միավորների օտարման գործարքների մասով, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը:»:

Հոդված 5 . «20) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո:»:

Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերը «սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 2-րդ մասով» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքը ձեռք բերելու փաստաթղթերում նշված ձեռքբերման արժեքի չափով:

Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական եւ (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում՝

ա. այդ արժեքները համարվում են զրո, բացառությամբ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերի,

բ. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.

2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը:

Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն եւ մնացորդային ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը.».

3) 5-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված դեպքերում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը «զրո տոկոս» բառերից հետո լրացնել «, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս» բառերով:

Հոդված 8.   Օրենսգրքի 146-րդ հոդվածում՝
1)  2-րդ մասի եւ 3-րդ մասի 1-ին կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.
2)  3-րդ մասի 2-րդ կետի եւ 4-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

Հոդված 9.   Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 42-րդ կետով.
«42) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները, եթե հետագայում այդ գույքը նույն բանկի կամ վարկային կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է լիզինգով (տարատեսակներով):»:

Հոդված 10. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:
Հոդված 11.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված հոդվածների:

2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանձնման-ընդունման ակտով հանձնվող լիզինգի առարկայի մասով:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է դրանից հետո կատարվող` գույքի օտարման գործարքների դիմաց բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտների մասով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2023
Երեւան
ՀՕ-120-Ն