Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.06.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 228-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված` հողամասերի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:».

2)  4-րդ մասի «Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին կամ 2-րդ հավելվածներով սահմանված կադաստրային գնահատման կարգերով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված համապատասխան կադաստրային գնահատման կարգերով» բառերով.

3)  7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 229-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով.

1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.

2) առանց բարելավումների (այդ թվում` միայն պարսպով բարելավված) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`

ա. բնակավայրերի հողերից բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի համար` 0.6 տոկոս,

բ. բնակավայրերի հողերից հասարակական կառուցապատման համար նախատեսված հողերի համար` մեկ տոկոս,

գ. բնակավայրերի հողերից սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերում չնշված հողերի համար` մեկ տոկոս,

դ. արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի համար` 0.25 տոկոս,

ե. էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, ինչպես նաեւ ջրային հողերի համար` 0.5 տոկոս,

զ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.

3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետով, 2-րդ, 3-րդ,

7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերով սահմանված դեպքերի)` 
 
Հարկման բազան  Հարկի դրույքաչափը
մինչեւ 10 միլիոն դրամը ներառյալ  0,05 տոկոս
10 միլիոն դրամից ավելի` մինչեւ 25
միլիոն դրամը ներառյալ
 5000 դրամ` գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
25 միլիոն դրամից ավելի` մինչեւ 47
միլիոն դրամը ներառյալ
 20000 դրամ` գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
47 միլիոն դրամից ավելի` մինչեւ 75
միլիոն դրամը ներառյալ
 64000 դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
75 միլիոն դրամից ավելի` մինչեւ 100
միլիոն դրամը ներառյալ
 176000 դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
100 միլիոն դրամից ավելի` մինչեւ 200 միլիոն դրամը  326000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի  1326000 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը

4)  Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «գ» ենթակետերով, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` անհատական բնակելի տուն եւ այգետնակ հանդիսացող անշարժ գույքի համար`
 
Հարկման բազան  Հարկի դրույքաչափը
մինչեւ 7 միլիոն դրամը ներառյալ  0.05 տոկոս
7 միլիոն դրամից ավելի` մինչեւ 23
միլիոն դրամը ներառյալ
 3500 դրամ` գումարած հարկման բազայի 7
միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը
23 միլիոն դրամից ավելի` մինչեւ 50
միլիոն դրամը ներառյալ
 19500 դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը
50 միլիոն դրամից ավելի` մինչեւ 85
միլիոն դրամը ներառյալ
 73500 դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը
85 միլիոն դրամից ավելի` մինչեւ 120
միլիոն դրամը ներառյալ
 213500 դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը
120 միլիոն դրամից ավելի` մինչեւ 200
միլիոն դրամը ներառյալ
 423500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը
200 միլիոն դրամից ավելի  1223500 դրամ` գումարած հարկման բազայի 200 միլիոն դրամը գերազանցող մասի 1.5 տոկոսը

5)  Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.

6)  Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս.

7)  Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող` ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:»:

Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածում`

1)  1-ին մասի`

ա. 1-ին կետի «հողերը, բացառությամբ վարձակալության» բառերը փոխարինել «անշարժ գույքը, բացառությամբ դրա վարձակալության» բառերով, իսկ «հողերի» բառը` «լինելու դեպքերի» բառերով,

բ. 2-րդ եւ 6-րդ կետերի «հողերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

գ. 3-րդ կետի «հողամասերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

դ. 7-րդ կետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

ե. 8-րդ կետի «ա» ենթակետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

զ. 8-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն ենթակետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում  է Կառավարությունը.»,

է. 9-րդ կետի «հողամաս» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «անշարժ գույք» բառերով,

ը. 10-րդ եւ 14-րդ կետերի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,

թ. 15-րդ կետի առաջին պարբերության  «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները» բառերով, իսկ նույն կետի «ա» ենթակետի «շինություններ չհանդիսացող շինությունների» բառերը` «անշարժ գույք չհանդիսացող գույքի» բառերով,

ժ. 16-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«16) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաեւ նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քանակի եւ գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաեւ անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2)  2-րդ մասի «հողերի» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 233-րդ հոդվածում`

1)   1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի` հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) եւ (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները եւ Օրենսգրքի

234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները եւ Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար` 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար` 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար` 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար` 75 տոկոսի չափով եւ 2026 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար` 100 տոկոսի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 238-րդ հոդվածում`

1)   1-ին մասը «կադաստր վարող մարմինը,» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին եւ» բառերով, իսկ նույն մասի «1-ին եւ 2-րդ հավելվածներին» բառերը փոխարինել «2-րդ հավելվածին» բառերով.

2)  1-ին մասի 1-ին կետի «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

3)    2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներից` Օրենսգրքի սույն բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաեւ 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած եւ (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքին եւ Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածին համապատասխան, եւ Օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով ու ժամկետներում տեղեկությունները ներկայացվում են հաշվառող մարմին:

3. 2021 թվականի անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմինը, ըստ անշարժ գույքի սեփականատերերի, Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի եւ (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, դրանց ներկայացման համար Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնում է հարկ վճարողներին հաշվառող մարմիններ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաեւ փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տրամադրած տեղեկանքը (տեղեկանքները)` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաեւ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 447-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մինչեւ Օրենսգրքի 11-րդ եւ 12-րդ բաժիններն ուժի մեջ մտնելն ավարտված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում եւ ենթակա են կատարման մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.06.2020
Երեւան
ՀՕ-332-Ն