Օրենքը չի գործում:
Գործում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը

Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.1995
Սույն օրենքը կարգավորում է շրջական միջավայրի վրա նախատեսվող գործունեության եւ հայեցակարգի ազդեցության փորձաքննության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմունքները:
 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

1. Նախատեսվող գործունեություն - նախատեսվող տնտեսական, սոցիալական եւ այլ գործունեության (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում):

2. Հայեցակարգ - հայեցակարգեր, ծրագրեր, համալիր սխեմաներ եւ գլխավոր հատակագծեր:

3. Լիազորված մարմին - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության եւ հայեցակարգի ազդեցության փորձաքննությունն իրականացնող լիազորված պետական մարմին:

4.Ներկայացնող - հայեցակարգ ներկայացնող եւ մշակող:

5. Սահմանային չափ - նախատեսվող գոծունեության հզորությունը բնորոշող սահմանային չափ ( արտադրողականություն, հզորություն, մակերես, ծավալ, քանակություն եւ այլն) :

6. Ձեռնարկող - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ինչպես նաեւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որոնք մտադիր են իրականացնել որեւէ նախատեսվող գործունեություն:

7. Փաստաթղթեր - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման համար ձեռնարկողի կողմից ներկայացվող փաստաթղեր:

8. Լիազորված անձինք - մասնագետներ, հիմնարկներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ եւ անհատ ձեռներեցներ, որոնք մասնագիտական եզրակացություն մշակելու համար լիազորված մարմնի կողմից ստացել են մասնագիտական իրավասության հավաստագիր:

9. Ազդագիր համայնք - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչություն:

10. Հասարակական սումներ - նախատեսվող գործունեության եւ հայեցակարգի ներկայացում լրատվական միջոցներով, քննարկում ժողովներում եւ հասարակական կարծիքի հավաքում:

11. Մասնագիտական եզրակացություն - լիազորված անձանց կողմից փաստաթղթերի վերաբերյալ մշակված եւ լիազորված մարմին ներկայացված եզրակացություն:

12. Փորձաքննական եզրակացություն - լիազորված մամնի կողմից նախատեսվող գործունեության եւ հայեցակարգի վերաբերյալ ձեռնարկողին եւ ներկայացնողին տրված դրական կամ բացասական եզրակացություն:

Հոդված 2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նպատակը եւ սկզբունքները

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատական է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագյն հասցնել հայեցակարգի եւ նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական եւ սոցիալական բնականոն զարգացման վրա:

2. Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է՝

- առողջության, բնականոն ապրելու եւ ստեղծագործելու համար բարենպաստ շրջական միջավայր ունենալու մարդու իրավունքից.

- բնականոն պաշարների արդյունավետ, համալիր եւ բնականոն օգտագործման պահանջից.

- էկոլոգիական համակարգերի հավասարակշռության եւ բնության մեջ գոյություն ունեցող բույսերի եւ կենդանիների բոլոր տեսակների պահպանման անհրաժեշտությունից՝ նկատի ունենալով ներկա եւ ապագա սերունդների շահերը:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնվում է՝

- գիտական հիմնավորվածության,

- օրինականության

- որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա:

Հոդված 3. Փորձաքննության խնդիրները

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրներն են՝

- վերլուծել նախատեսվող գոծունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքների հնարավորությունը եւ նպատակահարմարությունը հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները.

-գնահատել նախատեսվող գործունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ վտանգավորության աստիճանը.

- ստուգել շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության, հայեցակարգի եւ դրանց այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետեւանքների վերլուծման ամբողջականությունը եւ ստույգությունը, այդ հետեւանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործմաան եւ իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ.

- ապահովել բնական պաշարների արդյունավետ, բնական օգտագործումը.

- արգելել շրջակա միջավայրի վրա անդառնալի վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործունեություն, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված.

- ապահովել հասարակության ներգրավումը եւ մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում:
 

ԳԼՈՒԽ 2.

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Փորձաքննության ենթակա նախատեսվող ործունեությունները

1.Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են հետեւյալ նախատեսվող գործունեությունները.

ա) էներգետիկայի ոլորտում՝

- ատոմակայանների եւ ատոմային ռեակտորով այլ կառույցներ,

- ջերմային էլեկտրակայաններ, գոլորշու եւ տաք ջրի արտադրության կայանքներ,

- հիդրոէլեկտրոկայաններ, այլընտրանքային էներգետիկայի կայաններ,

- երկրաջերմային կայաններ,

- միջուկային վառելիքի արտադրության եւ հարստացման վերափոխիչ կայանքներ,

- միջուկային վառելիքի միջանկյալ պահպանման կառույցներ,

- բարձր ռադիոակտիվության թափոնների վերամշակման եւ վերջնական տեղադրման կառույցներ,

- գործող եւ փակված ատոմակայանների ռադիոնուկլոիդներ օգտագործող կայանքների ռադիոակտիվ թափոնների վերամշակում եւ թաղում.

բ) լեռնահանքային արդյունաբերության ոլորտում՝

- հանքանյութերի արդյունահանում եւ վերամշակում,

- ածխի, նավթի եւ բնական գազի հանույթ եւ վերամշակում,

- ուրանի հանքային հանույթ եւ վերամշակում, կոշտ եւ հեղուկ թափոնների վնասազերծում եւ հանքավայրի վերականգնում.

գ) քիմիական արդյունաբերության ոլորտում՝

- կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի եւ այլ օրգանական նյութերի արտադրություն եւ վերամշակում,

- նավթամշակման արտադրություն,

- անօրգանական թթուների, ալկալինների եւ այլ նյութերի արտադրություն,

- սահմանային չափը գերազանցող լվացող, մաքրող եւ կենցաղային քիմիայի այլ նյութի արտադրություն,

- թունավոր եւ դեղագործական նյութի արտադրություն,

- թոնաքիմիկատների եւ քիմիական պարարտանյութերի արտադրություն.

դ) շինանյութերի արդյունաբերության ոլորտում՝

- ցեմենտի, կրաքարի, գազի արտադրություն,

- սալիկների, շինարարական քարերեի, երկաթբետոնյա կառուցվածքների եւ շինարարական այլ ապրանքների արտադրություն.

ե) մետալուրգիայի ոլորտում՝

- երկաթի, պողպատի եւ գունավոր մետաղների արտադրություն եւ մշակում,

- սահմանային չափը գերազանցող մետաղների արտադրություն եւ մշակում.

զ) էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտում՝

- ահմանային չափը գերազանցող նախատեսվող գործունեություններ.

է) փայտի եւ թղթի արդյունաբերության ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող նախատեսվող գործողություններ.

ը) թեթեւ արդյունաբերության ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող մանածագործական, գործվածքային, կոշիկի եւ այլ արտադրություն.

թ) սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող նախատեսվող գործունեություններ.

ժ) քաղաքաշինության ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ եւ այլ նախատեսվող գործունեություններ .

ժա) քաղաքային տնտեսության ոլորտում՝

- կեղտաջրերի մաքրման կայաններ.

ժբ) թափոնների օգտագործման ոլորտում՝

- վտանգավոր եւ այլ թափոնների հեռացում կամ այդ նպատակով մշակում,
- թափոնների հեռացման օբյեկտներ.

ժգ ) բնության պահպանության ոլորտում՝

- մարդու ազդեցությամբ խախտված բնական էկոհամակարգերի բարելավում եւ վերականգնում,

- կենդանիների եւ բույսերի նոր տեսակների ներմուծում.

ժդ ) գյուղատնտեսության ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող տարածքի բարելավում ( այդ թվում՝ աղակալած հողերի բարելավում, ոռոգման եւ չորացման ցանցերի կառուցում, ճահիճների չորացում, բերրի հողի պահպանում էրոզիայից, աղակալումից եւ որակի փոփոխությունից) .

ժե) անտառային տնտեսության ոլորտում՝

- անտառվերականգնում,

- անտառի որակական կազմի բարելավում.

ժզ) ջրային տնտեսության ոլորտում՝

- ջրամբարներ ու պատվարներ, ամբարտակներ, խոշոր ջրանցքներ, մղիչ կայաններ եւ այլ ջրատնտեսական կառույցներ,

- ստորերկրյա ջրերի արդյունահանում.

ժէ) ենթակառույցների ոլորտում՝

- մայրուղիների, թունելների, կամուրջների, մետրոպոլիտենի, երկաթուղիների, օդանավակայանների եւ սահմանային չափը գերազանցող ճանապարհների կառուցում,

- սահմանային չափը գերազանցող գազի, նավթի, գոլորշու եւ ջրատար խողովակաշարեր, ներառյալ դրանց զուգակցող սարքավորումները ( մղիչներ, փոխարկման ռւ կոմպրեսորային կայաններ),

- սահմանային չափը գերազանցող էլեկտրահաղորդման գծեր,

- սահմանային չափը գերազանցող վառելանյութերի ( այդ թվում՝ բնական եւ այլ գազերի ) եւ քիմիկատների վերգետնյա եւ ստորգետնյա պահեստարաններ,

- ինժեներական պաշտպանիչ կառույցներ,

- գերհզոր կապի միջոցներ.

ժը) սպասարկման ոլորտում՝

- սահմանային չափը գերազանցող առեւտրի կենտրոններ եւ տոնավաճառներ,

- սահմանային չափը գերազանցող հյուրանոցային եւ զբոսաշրջիկային համալիրներ,

- բենզակայաններ,

- սահմանային չափը գերազանցող հասարակական սննդի օբյեկտներ (ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ եւ այլն),

- ավտոկայաններ, երկաթուղու կայարաններ,

- դիակիզարաններ եւ գերեզմանոցներ:

2. Նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 1-ին կետում թվարկված այն նախատեսվող գործունեությունները, որոնց ցուցանիշները չեն հասնում սահմանային չափերին, բայց իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Լիազորված մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 1-ին կետում թվարկված սահմանային չափերը չգերազանցող նախատեսվող գործունեությունները՝

- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը.

- նախարարությունների եւ պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ.

- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը.

- հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի նախաձեռնությամբ.

- լիազորված մարմնի սեփական նախաձեռնությամբ:

Հոդված 5. Ճորձաքննության շրջանակները

1. Փորձաքննությունն առնվազն պետք է ընդգրկի՝

ա) նախատեսվող գործունեության հնարավոր ուղղակի եւ անուղղակի ազդեցության կանխորոշում, նկարագրում եւ գնահատում.

- կլիմակայան պայմանների, բուսական ու կենդանական աշխարհի, էկոհամակարգերի առանձին տարրերի, նրանց փոխհարաբերության ու կայունության, բնության հատուկ պահպանվող տարածքների, լանդշաֆտի, երկրաձեւաբանական կառույցների, օդի, մակերեսային եւ ստորերկրյա ջրերի, ընդերքի, հողի,

- բնակչության առողջության եւ բարեկեցության,

- բնակավայրերի շրջակա միջավայրի,

- բնական պաշարների օգտագործման,

- պատմամշակութային հուշարձանների նկատմամբ.

բ) այլընտրանքային լուծումներ, այդ թվում՝ զրոյական գործողության այլընտրանք ( նախատեսվող գործունեության բացառում), դրանց համեմատական վերլուծություն եւ առավել ընդունելի տարբերակի ընտրություն.

գ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության վերացման կամ նվազեցման միջոցառումներ.

դ) նախատեսվող գործունեության բնապահպանական վնասակար ազդեցության պատճառով ընտրված զրոյական տարբերակի դեպքում տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ շրջակա միջավայրի վրա հետեւանքների մանրակրկիտ գնահատում:

2. Նախատեսվող գործունեության փորձաքննության ընթացքում գնահատվում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը կառուցման, շահագործման, լուծարման ընթացքում եւ լուծարումից հետո, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում:

3. Նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական եւ պատմամշակութային առանձնահատկությունները:

Հոդված 6. Նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգը

1. Ձեռնարկողը, որը մտադիր է իրականացնել սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետում թվարկված որեւէ նախատեսվող գործունեություն, պարտավոր է այդ մասին ծանուցել լիազորված մարմնին:

2. Ծանուցումը պարունակում է՝

ա) նախատեսվող գործունեության մասին հիմնական տվյալներ, մասնավորապես անվանումը, տեղադրման վայրը, նախատեսվող գործունեության նպատակը, բնութագիրը ( առանձնահատկությունները), ծավալը, սկսելու եւ ավարտելու ժամկետները.

բ) նախատեսվող գործունեության համար անհրաժեշտ հողատարածքի չափը, էներգիայի, ջրի եւ հումքի վերաբերյալ պահանջները.

գ) տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների համառոտ նկարագիրը.

դ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության հիմնական տվյալները, շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության եւ վտանգավորության աստիճանը.

ե) ազդակիր համայնքի որոշումը տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին.

զ) ազդակիր համայնքի որոշումը հողահատկացման մասին.

է) համապատասխան պետական մարմնի կարծիքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտոնագիրը:

3. Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին եւ հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին:

4. Ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ ( որի արարողակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)՝ լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի եւ ժամկետի մասին:

5. Եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական:

6. Սույն օրենքի 4 հոդվածի 4-րդ կետից բխող նախաձեռնության դրսեւորումից հետո 30-օրյա ժամկետում լիազորված մարմինը որոշում է կայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կամ չիրականացման մասին եւ իրազեկ է պահում փորձաքննության նախաձեռնություն դրսեւորողներին եւ ձեռնարկողին:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման անհրաժեշտության դեպքում ձեռնարկողը լիազորված մարմին է ներկայացնում 7 հոդվածից բխող փաստաթղթերը:

Հոդված 7. Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Ձեռնարկողը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնում է լիազորված մարմին:

2. Փաստաթղթերի եւ դրանցում պարունակվող տվյալների ցանկն ու ծավալը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորված մարմնի առաջարկով:

Հոդված 8. Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի հրապարակումը եւ քննարկումը

1. Փաստաթղթերը ստանալուց հետո լիազորված մարմինը դրանց օրինակներն անմիջապես տրամադրում է մարզի կամ համայնքի ղեկավարներին, համապատասխան պետական մարմնին եւ ազդակիր համայնքին:

Ազդակիր համայնքի ղեկավարները 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով տեղեկացնում են, թե որտեղ եւ երբ է հնարավոր ծանոթանալ եւ տվյալներ ստանալ (գրավոր կամ բանավոր) փաստաթղթերի մասին:

2. Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին:

Եթե ազդակիր համայնքի թիվը մեկից ավելի է, հասարակական լսումների վայրը որոշում է լիազորված մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետից բխող ժամկետը լրանալուց հետո 10-օրյա ժամկետում ազդակիր համայնքների ղեկավարները հասարակայնության կարծիքը եւ իրենց կարծիքները ներկայացնում են լիազորված մարմին:

4. Համայնքի ազդակիր լինելու կամ չլինելու հարցը վերջնականապես որոշում է լիազորված մարմինը:

5. Համապատասխան պետական մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ուղարկում են իրենց կարծիքը լիազորված մարմին:

6. Եթե սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն ոչ մի կարծիք սահմանված ժամկետում չի ներկայացվել լիազորված մարմին, ապա համարվում է, որ փաստաթղթերի վերաբերյալ բացասական կարծիք չկա:

7. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի կիրառումը ահմանափակվում է կապված պետական, արտադրական եւ առեւտրական գաղտնիքների հետ եւ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 9. Փաստաթղթերի փորձաքննության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ապահովումը

1. Մասնագիտական եզրակացությունը կարող են մշակել միայն լիազորված անձինք, որոնք ստացել են լիազորված մարմնի կողմից տրված մասնագիտական իրավասության հավաստագրեր:

2. Մասնագիտական իրավասության հավաստագրի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Լիազորված մարմինը ապահովում է հասարակայնության մասնակցությունը լիազորված անձանց ընտրման բոլոր փուլերում:

4. Լիազորված մարմինը ստեղծում եւ պարբերաբար վերանայում է լիազորված անձանց վերաբերյալ տվյալների բանկը:

5. Փաստաթղթերը ստանալուց հետո 70-օրյա ժամկետում լիազորված մարմինը լիազորված անձանց միջոցով ապահովում է փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության մշակումը: Մասնագիտական եզրակացության մշակման ընթացքում հաշվի են առնվում հասարակական, ազդակիր համայնքի եւ համապատասխան պետական մարմինների կարծիքները: Հիմնավորելու դեպքում լիազորված մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնել, բայց ոչ ավելի, քան 180 օր:

6. Մասնագիտական եզրակացության մշակման աշխատանքներում արգելվում է ներգրավել այն լիազորված անձանց, որոնք մասնակցել են փաստաթղթերի մշակմանը:

7. Մասնագիտական եզրակացությունը մշակելիս փորձաքննության են ենթարկվում՝

ա) փաստաթղթերի լիարժեքությունը.

բ) հասարակության, ազդակիր համայնքի եւ պետական շահագրգիռ մարմինների կարծիքները.

գ) շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության բոլոր դրական եւ բացասական ազդեցությունների առկայության ամբողջականությոնը, ինչպես նաեւ դրանց փոխներգործությունը.

դ) կիրառված գնահատման մեթոդները եւ տեղեկատվության ամբողջականությունը.

ե) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության վերացման կամ նվազեցման նպատակով առաջարկված տեխնիկական լուծումների համապատասխանությունը ժամանակակից գիտական եւ տեխնիկական մակարդակին.

զ) նախատեսված գործունեության այլընտրանքային լուծումները.

է) շրջակա միջավայրի վրա նախատեսված գործունեության վնասակար ազդեցության բացառման կամ նվազեցման,ինչպես նաեւ նախատեսված գործունեության կիրառման եւ շահագործման միջոցառումների եւ անհրաժեշտ պայմանների վերաբերյալ առաջարկությունները:

8. Մասնագիտական եզրակացություննը պարունակում է առաջարկություն դրական կամ բացասական փորձաքննական եզրակացության վերաբերյալ:

Հոդված 10. Փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումների կարգը

1. Մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում լիազորված մարմինն ապահովում է մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարների, ազդակիր համայնքների եւ համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:

2. Լիազորված մարմինն առնվազն 7 օր առաջ գրավոր իրազեկ է պահում ձեռնարկողին, մարզի կամ համայնքի ղեկավարներին, ազդակիր համայնքներին, համապատասխան պետական մարմիններին եւ լիազորված անձանց հասարակական լսումների ժամկետի եւ անցման տեղի մասին:

Հասարակական լսումներին կարող են հրավիրվել այլ փորձագետներ եւ մասնագետներ:

3. Լիազորված մարմինը հասարակայնությանը տեղեկացման հաղորդագրի մեջ նշում է հասարակական լսումների ձեւը եւ արարողակարգը:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մասնակիցները լիազորված մարմնի կողմից ստանում են հասարակական լսումների արդյունքների արձանագրությունը:

Հոդված 11. Նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը

1. Լիազորված մարմնի կողմից հասարակական լսումներից հետո 20-օրյա ժամկետում կայացվում է որոշում մասնագիտական եզրակացության եւ հասարակական քննարկումների արդյունքների արձանագրությունների հիման վրա փորձաքննական եզրակացություն տալու մասին:

2. Փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերը ստանալուց առնվազն 120-օրյա ժամկետում, եթե 9 եւ 14 հոդվածների համաձայն այլ ժամկետ չի նախատեսվում: Սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:

3. Փորձաքննական եզրակացությունն ուժի մեջ է տրման պահից:

4. Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում էնոր փորձաքննական եզրակացություն:

5. Լիազորված մարմինը կարող է վերանայել կամ չեղյալ համարել փորձաքննական եզրակացությունը, եթե ՝

- ընդունվել է նոր բնապահպան օրենսդրություն.
- փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:

Փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները եւ արարողակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչեւ փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը:

7. Եթե նախատեսվող գործունեությունը վերաբերում է պետությանը պաշտպանությանը, լիազորված մարմինը պարտավոր է փորձաքննական եզրակացություն տալ համապատասխան պետական մարմինների հետ քննարկումից հետո՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության վրա:

8. Փորձաքննական եզրակացությունը 7-օրյա ժամկետում հրապարակվում է եւ գրավոր տեղյակ է պահվում շահագրգիռ կողմերին:

Հոդված 12. Փորձաքննական եզրակացության պարտադիր լինելը

Արգելվում է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:

Հոդված 13. Փորձաքննության անցկացման հետ կապված վճարումները

1. Փաստաթղթերի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ձեռնարկողի կամ հայեցակարգը ֆինանսավորողի հաշվին:

2. Փորձաքննական եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը վճարում է ձեռնարկողը կամ հայեցակարգի ֆինանսավորողը։ Վճարումների չափը սահմանում է լիազորված մարմինը:

Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա միջսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեության փորձաքննությունը

Եթե շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս, ապա լիազորված մարմինը փորձաքննական եզրակացությունը կայացնելիս ելնում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջներից: Նման դեպքում փորձաքննական եզրակացությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

ԳԼՈՒԽ 3.

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Փորձաքննության ենթակա հայեցակարգերը

1. Փորձաքննության ենթակա են հայեցակարգերը, որոնք վերաբերում են՝

- սոցիալ-տնտեսական,

- էներգետիկայի,

- քաղաքաշինության,

- տրանսպորտի,

- կապի,

- գյուղատնտեսության,

- ձկնային տնտեսության,

- լեռնահանքային արդյունահանության,

- արդյունաբերական ճյուղերի,

- սոցիալական,

- բնապահպանության,

- հանգստավայրերի, զբոսաշրջիկության եւ սպասարկման ոլորտի զարգացման բնագավառներին:

Տարածքային պլանավորման փաստաթղթերը եւ պաշարների համալիր օգտագործման սխեմաները նույնպես համարվում են հայեցակարգեր:

2. Ներկայացնողը պարտավոր է հայեցակարգի մշակման ընթացքում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար հետազոտությունների համապատասխան ծավալը:

3. Ներկայացնողը պարտավոր է, համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ, հաստատված կարգով ապահովել հայեցակարգի եւ շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության գնահատման հրապարակումը հասարակական լսումներից առնվազն 30 օր առաջ:

4. Ներկայացնողը պարտավոր է կազմակերպել հայեցակարգի հասարակական լսումներ եւ հաշվի առնելով հասարակական կարծիքը:

5. Ներկայացնողը հայեցակարգը ներկայացնում է լիազորված մարմին, որը կազմակերպում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն եւ կայացնում համապատասխան որոշում հայեցակարգը ստանալուց հետո՝ 90-օրյա ժամկետում:

6. Հայեցակարգը հաստատող մարմինն իրավունք չունի ընդունել հայեցակարգն առանց լիազորված մարմնի կողմից տրված դրական՝ փորձաքննական եզրակացության:
 

ԳԼՈՒԽ 4.

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ։ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Փորձաքննություն իրականացնող մարմինը եւ նրա իրավասությունը

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող լիազորված պետական մարմնի կարգավիճակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Լիազորված մարմինն իրավասու է՝

ա) իրականացնել սույն օրենքի 4 հոդվածով սահմանված նախատեսվող գործունեությունների եւ 15 հոդվածում թվարկված հայեցակարգերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն եւ տալ ՝ փորձաքննական եզրակացություն.

բ) կատարել 7 եւ 8 հոդվածներից բխող պահանջները.

գ) հրավիրել փորձագետների.

դ) ստեղծել եւ վարել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նյութերի եւ տվյալների բանկ.

ե) հսկողություն իրականցնել փորձաքննական եզրակացության պահանջների կատարման նկատմամբ.

զ) մշակել մեթոդական փաստաթղթեր՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար:

3. Լիազորված մարմինն իրավունք ունի իր իրավասության սահմաններում իրականացնել գործող օրենսդրությանը չհակասող այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար:

Հոդված 17. Լիազորված մարմնի պատասխանատվությունը

1. Լիազորված մարմինը պատասխանատու է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝

- եզրակացության հիմնավորվածության,

- սկզբունքների, կանոնակարգերի, նորմերի եւ ժամկետների պահպանման,

- անհրաժեշտ փաստաթղթերի եւ նյութերի ապահովման.

- աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման,

- հրապարակայնության համար:

2. Լիազորված մարմինը պատասխանատու է 4 հոդվածի 4-րդ կետից բխող որոշման համար:

Հոդված 18. Լիազորված անձանց պատասխանատվությունը

Լիազորված անձինք մասնագիտական եզրակացությունը մշակելիս պատասխանատու են՝

- եզրակացության, եզրահանգման, առաջարկությունների եւ դիտողությունների հիմնավորվածության,

- փաստաթղթերի անկողմնակալ գնահատման,

- մասնագիտական եզրակացությունը լիազորված մարմին սահմանված ժամկետում ներկայացնելու համար:

Հոդված 19. Ձեռնարկողի, ներկայացնողի եւ փաստաթղթեր մշակողի պատասխանատվությունը

Ձեռնարկողը, ներկայացնողը եւ փաստաթղթեր մշակողը պատասխանատու են՝

- նախագծային բոլոր փուլերում բնապահպանական պահանջների պահպանման եւ այդ նպատակով անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների ֆինանսավորման,

- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ներկայացված նյութերի համակողմանիության, գիտական հիմնավորվածության, որակի եւ ստույգության,

- նախագծային լուծումների էկոլոգիական հետեւանքների,

- փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաեւ անհրաժեշտ լրացուցիչ նյութերի եւ փաստաթղթերի ներկայացման,

- փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,

- նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար:

Հոդված 20. Պատասխանատվությունը օրենքի պահանջների խախտման դեպքում

Սույն օրենքի պահանջները խախտողները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 21. Գանգատարկումը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացքում առաջացած բոլոր վիճելի հարցերը գանգատարկվում են դատակաան կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին (12.12.1995 ՀՕ-21) փոփոխվել է` 06.06.1997 ՀՕ-114:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

12 դեկտեմբերի 1995թ.
քաղ.Երեւան
ՀՕ-21


13.05.1997 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին