Օրենքը չի գործում:
Գործում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.05.1998

  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II    Հարկադիր կատարողների կարգավիճակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները
  • Գլուխ III   Հարկադիր կատարողների իրավական եւ սոցիալական պաշտպանվածության երաշխիքները
  • Գլուխ IV  Եզրափակիչ դրույթներ


    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրները

    Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) կոչված է ապահովելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը։

    Հոդված 2. Հարկադիր կատարման ծառայության կազմավորումը

    1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծվում է հարկադիր կատարման ծառայություն, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող)։

    2. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությունից եւ հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումներից։

    Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ։

    Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը եւ ազատելը

    1. Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ։

    2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաեւ հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) պաշտոններում նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ։

    Հոդված 4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գլխավոր հարկադիր կատարողի միջոցով կազմակերպական եւ մեթոդական ղեկավարություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության նկատմամբ։

    Հոդված 5. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

    Գլխավոր հարկադիր կատարողը`

    1) ղեկավարում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.

    2) կազմավորում է հարկադիր կատարողների մարզային ստորաբաժանումները, համակարգում եւ վերահսկում է դրանց գործունեությունը.

    3) անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողներին մեկ մարզային ստորաբաժանումից տեղափոխում է մյուսը.

    4) իրեն տրամադրված հաստիքների եւ աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության հաստիքները եւ կառուցվածքը.

    5) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանը եւ հարկադիր կատարողների նյութական ու սոցիալական ապահովման միջոցառումների իրականացմանն ուղղված հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ.

    6) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

    7) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերի գործողությունների նկատմամբ բերված բողոքները.

    8) կազմակերպում է հարկադիր կատարողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը.

    9) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար։

    Հոդված 6. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները

    Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը՝

    1) կազմակերպում եւ վերահսկում է վարչության աշխատանքները.

    2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների եւ կարգադրությունների կատարումը.

    3) պատասխանատվություն է կրում վարչության խնդիրների իրականացման համար։

    Հոդված 7. Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի լիազորությունները

    Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը`

    1) կազմակերպում եւ վերահսկում է ստորաբաժանման աշխատանքները.

    2) իրեն տրամադրված հաստիքների եւ աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման հաստիքները եւ կառուցվածքը.

    3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների եւ կարգադրությունների կատարումը.

    4) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները.

    5) խրախուսում է հարկադիր կատարողներին՝ աշխատանքային հաջողությունների համար.

    6) տույժի է ենթարկում հարկադիր կատարողներին՝ աշխատանքային կարգապահության խախտումների համար.

    7) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի եւ նրան հայտնված բացարկի հարցը.

    8) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.

    9) տնօրինում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշիվը.

    10) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար։

    ԳԼՈՒԽ II

    ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հոդված 8. Հարկադիր կատարողի իրավական կարգավիճակը

    1. Հարկադիր կատարողը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ է։

    2. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

    3. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության մարմինների աշխատողների դասային աստիճաններ։

    4. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ։

    Հոդված 9. Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվող անձին առաջադրվող պահանջները

    Հարկադիր կատարող կարող է նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները։

    Հոդված 10. Հարկադիր կատարողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը

    Հարկադիր կատարողներն անցնում են մասնագիտական եւ հատուկ ուսուցում։

    Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն կրել հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ (այսուհետ՝ հատուկ միջոցներ), ինչպես նաեւ դրանք գործադրել սույն օրենքի 14-16 հոդվածներում սահմանված դեպքերում եւ կարգով ։

    Հոդված 11. Հարկադիր կատարողի իրավունքները եւ պարտականությունները

    1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`

    1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ եւ ճիշտ կատարման համար.

    2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից անել քաղվածքներ ու ստանալ պատճեններ.

    3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները եւ միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները եւ կարգը.

    4) տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին.

    5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում հայտնում է ինքնաբացարկ։

    2. Հարկադիր կատարողն իրավունք ունի`

    1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, բացատրություններ եւ այլ նյութեր.

    2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից կատարողական թերթի կատարումը.

    3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) եւ քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.

    4) մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը), պահեստը եւ այլ շինություններ, այնտեղ կատարել զննումներ.

    5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել այն, հանձնել պահատվության եւ իրացնել օրենքով սահմանված կարգով.

    6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա.

    7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը ` ծախսերը դասելով պարտապանի հաշվին.

    8) կատարողական թերթում նշված պահանջների անորոշության դեպքում խնդրել այն տված դատարանին պարզաբանել դրա կատարման կարգը.

    9) հայտարարել պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզում.

    10) կատարողական վարույթում գտնվող կատարողական թերթերով հրավիրել քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց.

    11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ։

    Հոդված 12. Քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումը

    Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն տրամադրված իրավունքները գործադրել օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում։

    Հոդված 13. Հարկադիր կատարողի պահանջների պարտադիր լինելը

    1. Հարկադիր կատարողի` նրա իրավասության շրջանակներում առաջադրված պահանջները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար։

    2. Հարկադիր կատարողի գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը եւ դրանց պատճենները նրա պահանջով տրամադրվում են անվճար։

    3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը եւ (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը հանգեցնում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։

    Հոդված 14. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրումը

    1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ իրենց ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում։

    2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

    Հոդված 15. Հրազենի գործադրումը

    1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն հրազեն գործադրել`

    1) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգը.

    2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար։

    2. Մինչեւ հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար։

    3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկադիր կատարողի կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

    4. Հարկադիր կատարողներին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների եւ հատուկ միջոցների ցանկը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    Հոդված 16. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման պայմանները եւ սահմանները

    1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 14 եւ 15 հոդվածներում նախատեսված դեպքերում եւ կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը։

    2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`

    1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնարին է.

    2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ.

    3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն ։

    3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի օգտագործման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետին, իսկ մարմնական վնասվածք պատճառելու կամ մահվան դեպքում` նաեւ դատախազին։

    4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։

    Հոդված 17. Հարկադիր կատարողների պատասխանատվությունը, հսկողությունը նրանց գործունեության նկատմամբ

    1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել ենթակայության կարգով եւ (կամ) դատարան։

    2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխա-նատվություն է կրում իր զանցանքների եւ այլ իրավախախտումների համար։

    3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին եւ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով։

    4. Հարկադիր կատարողների գործողություններում օրենքների պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը։

    ԳԼՈՒԽ III

    ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

    Հոդված 18. Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները եւ նրանց պատճառված վնասի հատուցման իրավունքը

    1. Հարկադիր կատարողի կյանքը եւ առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով։

    2. Ապահովագրական գումարները վճարվում են`

    1) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե դա վրա է հասել հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու հետեւանքով։ Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին եւ նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով ապահովագրական գումար.

    2) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ։ Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար .

    3) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի եւ (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը։ Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար։

    3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա միջին աշխատավարձի եւ այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջեւ տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները։

    4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու հետեւանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի եւ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջեւ տարբերության չափով՝ առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները։ Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա։

    5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով՝ ներառյալ բաց թողնված օգուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

    6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։

    Հոդված 19. Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը

    1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնեական դրույքաչափից, դասային աստիճանի եւ երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից։

    2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

    ԳԼՈՒԽ IV

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 20. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նյութատեխնիկական ապահովումը

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկով։

    Հոդված 21. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1- ից։

    2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը:
     
     
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    5 հունիսի 1998թ.
    ՀՕ-220




  • 11.09.2001 «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին